Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով
Մշակույթ
14:40 22/05/2020
Հայաստան

Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի թանգարանների 90 տոկոսը, ընդանուր՝ 85 հազար, ստիպված էին գոնե մի քանի օրով կարանտին հայտարարել։  Հայաստանյան թանգարանները նույնպես համավարակի բռնկումից հետո փակ են, բայց ակտիվ են առցանց տիրույթում՝ ներկայացնելով իրենց հավաքածուները, տարբեր ժամանակներում ցուցադրություններից տեսանյութեր կամ լուսանկարներ։

Հայաստանի Ազգային պատկերասրահը սոցիալական ցանցերում մինչ այս իրավիճակն էլ ակտիվ է եղել։

«Այս օրերին էլ ավելի շատացան թե հետևորդները, թե արվեստասերների քանակը՝ անընդմեջ հետաքրքրվելով թանգարանի անցուդարձից և առցանց ներկայացվող ծրագրերից։ Մեր էջերը բավականին հագեցած են՝ նյութեր, խոսուն լուսանկարներ, ֆիլմեր և ռեպորտաժներ։ Կրթական ծրագրերը ևս գործում են այս օրերին։ Այդ ծրագրի մեր մասնագետները առցանց աշխատել են երեխաների հետ, այս մասով կարելի է ասել, մասնակիցները չեն տուժել»,-  Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի մամուլի խոսնակ Անուշ Նիկողոսյանը։

Նրա խոսքով, եթե դիտարկեն նախորդ ամիսների հետ, վերջին երեք ամիսներին ինստագրամ տիրույթում շուրջ 80 տոկոս աճ ունեն։ Ֆեյսբուք տիրույթում ևս ակտիվ է՝ 2 ամսվա մեջ ունենալով 40-50 տոկոս ավելացում։

«Սոցմարքեթինգի տեսանկյունից պետք է նշեմ, որ այս թվերը իրական են։ Կարևոր եմ համարում նշել, որ ոչ արտակարգ պայմաններում ևս մեծ է թանգարանի հանդեպ հետաքրքրվածությունը»,- ասաց Ա.Նիկողոսյանը։

Ինչ վերաբերում է Ազգային պատկերասրահի վերաբացմանը, նա նշեց, որ որևէ հստակ բան չի կարող ասել. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող կառույց է Հայաստանի Ազգային պատկերասրահը, այսինքն, երբ լինի հրաման, այդ ժամանակ էլ կբացվի»։

Ա. Նիկողոսյանն ասաց, որ պատկերասրահի գիտաշխատողները հիմա էլ որոշակի ժամանակով գնում են թանգարան, կատարում իրենց աշխատանքը, թանգարանում ամեն դեպքում հսկողություն իրականացվում է, բայց զուտ այցելուների համար այն դեռ փակ է։

Placeholder
Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով