Հայտնաբերվել է դիմակ և ձեռնոց կրելու կանոնների խախտման 583 դեպք
Իրավունք
18:26 27/05/2020
Հայաստան

Հայտնաբերվել է դիմակ և ձեռնոց կրելու կանոնների խախտման 583 դեպք

Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշումների պահանջների կատարման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ոստիկանության կարգախմբերը հայտնաբերել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 65 տրանսպորտային միջոց, որոնց ուղևորների թվում եղել են պաշտպանիչ միջոցներ չկրող անձինք։ Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Այս ուղղությամբ ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը շուրջօրյա է։ Հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտումների 583 դեպք։

Փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանները ստուգում են հանրային վայրերում գտնվող քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը, ինչը պարտադիր է։ Հանրային վայրերում հայտնաբերվել է 357 անձ, որոնք դիմակ չեն ունեցել: Բոլոր խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցների հետ, կանխարգելիչ բնույթի միջոցառումներ են իրականացնում նաև բակերում, այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների բնակարաններ պարզելու՝ կա՞ն սահմանված կարգը խախտողներ։ Ստուգողական այցելություններ են կատարում նաև առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներ՝ ստուգելու աշխատակիցների և հաճախորդների դիմակով լինելու հանգամանքը։
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է։

Ոստիկանությունից նաև հորդորում են քաղաքացիներ, խստորեն պահպանել անվտանգության կանոնները,որը  բխում է բոլորի  շահերից։

Placeholder
Հայտնաբերվել է դիմակ և ձեռնոց կրելու կանոնների խախտման 583 դեպք