Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100  տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան
Առողջություն
19:28 28/05/2020
Հայաստան

Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան

Իրավիճակը  շարունակվում է մնալ լարված: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո կայացած առցանց ճեպազրույցի ընթացքում:

«Այս պահի դրությամբ ունենք 316  ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող և 17 թոքերի արհեստական օդափոխության սարքերը միացված քաղաքացիներ»,-ասաց նախարարն ու հավելեց. «Երեկ ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել՝ 15 մահ, որ չենք կարողացել փրկել: Բժիշկները 24 ժամյա ռեժիմով կատարում են բուժօգնության աշխատանքները, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում փրկել կյանքը: Չկա որևէ երաշխիք, որ որևէ վարակված անձ, նույնիսկ առողջ երիտասարդ  քաղաքացին 100  տոկոսով դուրս կգա դրական ելքով»:

Առողջապահության նախարարը նաև իրազեկեց, որ  մոտակա մեկուկես ամսվա ընթացքում կունենանք ինտենսիվ թերապիայի համար նախատեսված  ևս հարյուր մահճակալ, որոնց  50-ը Էրեբունի, 50-ը ՝ Գ. Լուսավորիչ  բժշկական կենտրոններում:

Անդրադառնալով վերջին օրերին ասիմտոմ դեպքերի  պոլիկլինիկաներում բուժվում ստացող քաղաքացիների բողոքներին, Թորոսյանը նշեց.

«Դա լինելով  մի նոր գործառույթ նրանց համար, որոշակի լարվածություն է առաջացրել քաղաքացիների  և առողջության առաջնային պահպանման օղակի միջև:Ես  կոչ եմ անում քաղաքացիներին, հայտնաբերված դժգոհությունները, թերությունները,բողոքները հաղորդել նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով, որպեսզի մենք կարողանանք արագ արձագանքել»:

Առողջապահության նախարարը մեկ անգամ ևս կոչ արեց  քաղաքացիներին ՝ պահպանել կանոնները, որպեսզի  որևէ մեկը կարիք չունենա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժում ստանալու:
 

Placeholder
Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան