Վաղն ունենալու ենք տեղական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը. Ավինյան
Առողջություն
20:07 01/06/2020
Հայաստան

Վաղն ունենալու ենք տեղական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը. Ավինյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի տրամաբանությունը կառուցվել է փուլային ռազմավարությամբ և համավարակի տարածման տարբեր փուլերում ունեցել ենք որոշակի ճշգրտումներ: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտնեց, որ մեկնարկել է տեղական թեստերի արտադրությունը։

«Մենք նաև նախաձեռնել ենք թեստերի արտադրություն ՀՀ-ում: Թեստերի արտադրությունն արդեն իսկ մեկնարկել է և վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին»,- ասաց նա։ 

Պարետի խոսքով՝ այս պահի դրությամբ առողջապահական համակարգը սպասարկում է բավականին մեծ ծավալով դեպքերի: 

Խոսելով առաջիկա ռազմավարությունից, Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հաշվի են առնվելու երկրում տիրող առողջական և  տնտեսական վիճակը:

«Իրականում սահմանափակումների ռեժիմի վերադարձը ծայրահեղ մեթոդ է, այս փուլում նմանատիպ որոշում դեռ չունենք: Հետևում ենք միջազգային գործընկեր պետությունների կողմից վարվող քաղաքականության տրամաբանությանն ու փուլերին: Փաստացի նաև մեր գործընկերների հետ քննարկում ենք ավիափոխադրումների վերականգնման հարցը և այլն»,- նշեց նա։

Տիգրան Ավինյանի փոխանցմամբ՝առաջիկա նիստերին կքննարկվի նաև զբոսաշրջության ոլորտի հետ կապված քայլերի պլանավորման և օդային հաղորդակցության վերաբացման հնարավորության հարցը:

«Ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են հուլիսի կեսերից, նաև համապատասխան կանոններ կմշակվեն, որոնք կնվազեցնեն վարակի տարածման ռիսկը զբոսաշրջության ոլորտում»,-ասաց պարետը:
 
 

 

Placeholder
Վաղն ունենալու ենք տեղական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը. Ավինյան