Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին. Մակունց
Քաղաքական
11:50 01/06/2020
Տարածաշրջան

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին. Մակունց

«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպառնալից հայտարարություն է արել, որտեղ, ըստ էության, նա խոստովանել է, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությանն ու դրան հետևած մյուս սպառնալիքներին։

Պատգամավորն ընդգծեց, որ ինչպես 90-ականներին և 2016 թվականին, այնպես էլ ցանկացած պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին։

«Մենք մեր ապրելու իրավունքի պաշտպանության առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքների տարբերություններից։ Այդուհանդերձ, մեր կարևոր խնդրին է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, քանի որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով  ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառումը»,- շեշտեց Լ. Մակունցը։

Նա համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր լինի նման հայտարարությունների հանդեպ, որովհետև այդ անտարբերությունը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և հանգեցնել տարածաշրջանում նոր  էսկալացիայի, ինչն, իր խոսքով, ուժգին հակահարված է ստանալու և աղետալի հետրևանքներ է ունենալու առաջին հերթին Ադրբեջանի համար։
 

Placeholder
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին. Մակունց