«Ժողովուրդ». Առաջիկա 2,5 տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին
Օրվա մամուլ
09:29 04/06/2020
Հայաստան

«Ժողովուրդ». Առաջիկա 2,5 տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում: Ըստ մասնագետների տարբեր հաշվարկների՝ Եվրամիության (ԵՄ) ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի:

Ինչպես հայտնի է, հրապարակված որոշմամբ Եվրահանձնաժողովը Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերություններին ընդգրկել է Եվրամիության (ԵՄ) սև ցուցակում` զրկելով նրանց դեպի Եվրոպա թռիչքների հնարավորությունից։ Այդ ավիաընկերությունները, ըստ Եվրահանձնաժողովի, չեն համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը երեկ պատասխանատուների հետ քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Քաղավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչև 2022 թվականի նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և ժամանակացույց:

Ավելին, ՀՀ դատախազությունում կոմիտեի պաշտոնյաներին առնչվող երկու քրեական գործ է առկա։ Ըստ դրանցից առաջինի` կոմիտեի որոշ պաշտոնյաներ իրենց դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, իսկ մյուս քրեական գործը 2016-ից 2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում կեղծիք կատարելուն է առնչվում, սակայն այս մասով դեռ նորություններ չկան:

Հստակ է, որ առաջիկա երկուսուկես տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». Առաջիկա 2,5 տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին