Դժբախտաբար ունենք նաև մահ՝ 33 տարեկան քաղաքացու.Թորոսյան
Առողջություն
20:02 04/06/2020
Հայաստան

Դժբախտաբար ունենք նաև մահ՝ 33 տարեկան քաղաքացու.Թորոսյան

Երեկ դժբախտաբար ունեցել ենք 697 նոր դեպք և իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին  պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:Նրա խոսքով ՝ առողջապահական համակարգում  ունենք  ծանրաբեռնվածություն:

«Մենք ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Դժբախտաբար ունենք նաև մահ՝ 33 տարեկան քաղաքացու, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ:Մահվան պատճառը  եղել է  բարդացած անամնեզը»,- տեղեկացրեց նախարարը, միաժամանակ շեշտելով, որ ոչ ոք ապահովագրված չէ կորոնավիրուսային հիվանդությունից:

«Ոչ մեկը՝ անկախ տարիքից, սեռից և որևէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսի դրական ելքով: Մենք մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք այդ նոր իրողություններին»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը կոչ արեց  նաև նայել  շուրջբոլորը. «Մենք չենք  գտնի մի ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ: Մենք գրեթե չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդությունով քաղաքացի՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, գերքաշություն, քաղցկեղ: Եվ այդ մեր բոլոր քաղաքացիները թիրախի տակ են կորոնավիրուսային հիվանդության»-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով ՝ դրսում միմյանց բարևելիս, ողջագուրվելիս, միտքը մեզ միշտ պետք է տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր հարազատներն են ապրում:

«Մենք չենք պատկերացնում, որ մեկ ամսից կորոնավիրուսային դեպքերի թիվը հասնելու է զրոյի, բայց պատկերացնում ենք, որ բոլոր քաղաքացիները ստանալու են պատշաճ բուժօգնություն»,-ավելացրեց Թորոսյանը:

 

Placeholder
Դժբախտաբար ունենք նաև մահ՝ 33 տարեկան քաղաքացու.Թորոսյան