Տավուշում մեկ ամսում արտադրվում է մոտ տասը մլն դիմակ. Չոբանյան
Տնտեսություն
14:27 10/06/2020
Հայաստան

Տավուշում մեկ ամսում արտադրվում է մոտ տասը մլն դիմակ. Չոբանյան

«Տավուշի մարզում մասսայական անտառահատումներն այլևս վերացած են, և գոյություն ունեցող ոչ օրինական դեպքերը հիմնականում հայտնաբերվում են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նրա խոսքով, առնվազն 99%-ով կրճատվել են անտառահատման դեպքերը, և դա հանրային հսկողության արդյունք է, որը հատկապես վերջին շրջանում մեծացել է։ Մարզպետի խոսքով, դրան նպաստում է նաև անտառային գոտիներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը, քանի որ այդ կազմակերպություններն ուղղակիորեն իրականացնում են նաև անտառպաշտպանություն։

«Անտառների վերականգնման աշխատանքներն առաջիկայում մեծ թափ կստանան, և մենք էական փոփոխություն կունենանք անտառային բալանսում։  Ես գտնում եմ, որ «Հայանտառի» մասնաճյուղերի կադրային քաղաքականության մեջ պետք է արմատական փոփոխություն լինի, և ամբողջ անձնակազմը պետք է 100%-ով փոխվի, քանի որ նախորդ շրջանում  «Հայանտառի» աշխատակիցները փոխկապակցված են եղել կրիմինալ կառույցների հետ, այդ պատճառով այնտեղ փոփոխությունները պետք է արմատական լինեն»,-շեշտեց մարզպետը։

Հարցին, թե կորոնավիրուսի դեմ պայքարի համար Տավուշի մարզն ինչ ներուժ ունի, Հ. Չոբանյանը պատասխանեց՝ երեկ մարզում բացվել է առաջին բժշկական հաստատությունը, որը պետք է զբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։ Բժշկական կենտրոնը գտնվում է Դիլիջանում, և պատրաստ է սպասարկել 50 հիվանդի ստացիոնար, և ևս հինգ հոգու՝ ռեանիմացիոն ծառայությունում.

«Նմանատիպ ծառայություն իրականացնելու համար կարևոր է մասնագետների առկայությունը, և մեզ մոտ մասնագետներ կգան Երևանի «Էրեբունի» ԲԿ-ից»։

Հ. Չոբանյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մարզում 133 վարակակիր կա, նրանցից 26-ը գտնվում է բժշկական հաստատություններում, մեկուսացված է շուրջ 600 քաղաքացի։

«Մենք Բերդում օջախ ենք ունեցել՝ «Տավուշ տեքստիլը», և անմիջապես իրականացվել է մասսայական թեստավորում, վարակվածները մեկուսացվել են, և այժմ գործարանն աշխատում է իր բնականոն հունով»,- ասաց նա։

Հարցին, թե «Տավուշ տեքստիլում» ամսական որքա՞ն դիմակ է արտադրվում, և արդյո՞ք սպասելիքներն արդարացված են, Հ. Չոբանյանն ասաց, որ մարզում մեկ ամսում արտադրվում է մոտ տասը մլն դիմակ, շուտով ՀՀ կներդրվեն ևս երկու հոսքագծեր, որոնք կկրկնապատկեն արտադրական ծավալները։

Placeholder
Տավուշում մեկ ամսում արտադրվում է մոտ տասը մլն դիմակ. Չոբանյան