Հայկական ևս մեկ ֆիլմ՝ Կաննում
Օրվա թեմա
09:00 10/06/2020
Հայաստան

Հայկական ևս մեկ ֆիլմ՝ Կաննում

Հայկական մասնակցությամբ՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ստեղծված ևս մեկ ֆիլմ՝ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, Կաննի վիրտուալ կինոշուկայում (հունիս, 2020) առաջին անգամ կներկայացվի գնորդներին և փառատոնի ծրագրավորողներին` ֆիլմի Ֆրանսիական վաճառքի գործակալ MPM Premium-ի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ ստեղծված ևս մեկ ֆիլմ՝ Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը ընդգրկվել է  Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։Ֆիլմը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա համատեղ կինոարտադրություն է։

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019-ի հոկտեմբերին:

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան)  2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի  (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա  յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:

Placeholder
Հայկական ևս մեկ ֆիլմ՝ Կաննում