Ապրիլյանի անմահ հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է
Օրվա թեմա
12:40 10/06/2020
Հայաստան

Ապրիլյանի անմահ հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 31 տարեկան։ Սասունը զոհվեց ապրիլի 2-ին Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։

Սասուն Մկրտչյանը  սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում, աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ: Հետո 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում: 2014 թվականից ծառայության է անցել Հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ:

Մայրը՝ Նարինե Կիրակոսյանն, ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր, ո   իրենք միշտ դեմ են եղել, որ միակ որդին վտանգավոր ճանապարհ է ընտրել, սակայն ոչինչ անել չեն կարողացել. «Համոզում էի, ասում էի՝ փոխի աշխատանքդ, մարդիկ մեկ-երկու տարի չեն ուզում ծառայել, բայց դու կյանքդ կապել ես էդ սար ու քարի հետ: Ասում էր՝ մամ, դու չես հասկանում»:

Սասունն ապրիլի 1-ին եկել էր տուն, մեկ շաբաթից նշանադրությունն էր: Սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան նրան նորից կանչում են առաջնագիծ։ Այս անգամ մեկնում է Թալիշ: Սասունի ընկերները ծնողներին պատմել են, որ Թալիշի դիրքերից մեկը գրավելուց հետո նրա գնդացիրը փչացել է, հորդորել են՝ առաջ չգնա, բայց չի ենթարկվել:  Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այն կարգի բերելուց հետո կրկին շտապել  է վերադարձնել կորցրած դիրքերը։

«Ընկերներն ասում են՝  թուրքերն այնքան են մոտեցել, որ իր գնդացրով վեր է կացել ու խփելով՝ առաջ գնացել, սակայն դիպուկահարի կրակից ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքև, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։ Դրանից հետո նրանք շարունակել են կռիվը ու երկրորդ դիրքը հետ վերցրել»,- նշել  է հերոսի մայրը:

Ի դեպ, մայրը որդու զոհվելուց հետո է իմացել, որ Սասունը հրաշալի տիրապետել է թուրքերենին, որ գնդացրորդ էր, միշտ եղել է փակ ու գաղտնապահ:

Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝  պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Placeholder
Ապրիլյանի անմահ հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է