Ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 25 տարեկան
Հասարակություն
10:58 11/06/2020
Հայաստան

Ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 25 տարեկան

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 25 տարեկան։ Բագրատը զոհվել է ապրիլի 2-ին՝ Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։

Մինչ բանակ մեկնելը տղայի ընտանիքը Ռուսաստանում էր ապրում, ու Բագրատն ինքն է խնդրել ծնողներին` հայրենիք վերադառնան, որպեսզի ծառայի։ 

armeniasputnik.am-ը գրում է. «Երկու եղբայրներով` Բագրատ և Սամվել Ալեքսանյաններն Արցախում նույն զորամասում են ծառայել (մեկ տարվա տարբերությամբ են բանակ զորակոչվել), բայց տարբեր վաշտերում։ Մեծ եղբոր` Բագրատի ցանկությամբ երկու եղբայրները երբեք միաժամանակ չեն բարձրացել դիրքեր։ Տիկին Նարինեն (Բագրատի մայրը` Նարինե Ասրյան) հիշում է, որ երբ Բագրատի հետ զրուցելիս ուրախությամբ ասել է, թե լավ է, երկու եղբայր նույն զորամասում են և գուցե նույն վաշտում էլ կծառայեն, Բագրատը մորը հակադարձել է` այդ մասին այլևս խոսակցություն չբացես։ Ավելի ուշ Բագրատն ընկերոջն ասել է, որ ինքն է ուզել` եղբայրը հարևան վաշտում ծառայի, որ եթե հանկարծ ինչ-որ բան լինի, իրենցից գոնե մեկը տուն հասնի։

2016-ի ապրիլի 1-ին Բագրատը դիրքեր է բարձրացել ու նույն զորամասում ծառայող և դիրքերից իջնող եղբորն ասել. «Քեզ լավ նայիր Սամո ջան, քեզ շատ եմ սիրում...»։ 

2016 թ-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում արիաբար մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

Ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը,  լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:

«Արմենպրեսում» կարդում ենք, որ Բագրատը բանակում օրագիր էր պահում, որը վերնագրված էր. «Աստված պահապան հայ զինվորին ու զինվորին սպասողներին»: 

 


 

Placeholder
Ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 25 տարեկան