Կորոնավիրուսից բուժված 91-ամյա տատիկն Արտաշատի ԲԿ-ից դուրս գրվեց ծափերի ներքո
Առողջություն
12:37 11/06/2020
Հայաստան

Կորոնավիրուսից բուժված 91-ամյա տատիկն Արտաշատի ԲԿ-ից դուրս գրվեց ծափերի ներքո

Արտաշատի բժշկական կենտրոնից այսօր դուրս է գրվել կորոնավիրուսից բուժված 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը: Տեսանյութը հրապարակել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նա իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին։

Ռոզա Մարտիրոսյանն ունի 5 երեխա, 32 թոռ ու ծոռ: Ասում է, որ ժամանակին քույրական տեխնիկումում է սովորել և իր բնակավայրում՝ Նորագավիթում, շատերին է բժշկական օգնություն ցուցաբերել: Բացի դա, նաև դերձակի մասնագիտություն ունի և իրեն բուժող բժիշկներից մեկին խոստացել է հագուստ կարել:

Իսկ թե ումից է կորոնավիրուսով վարակվել, Ռոզա Մարտիրոսյանը չգիտի, բայց նշում է, որ հարևանների մեջ վարակվածներ եղել են, նույնիսկ թոռն է վարակվել, որն իր հետ չի բնակվում:

Ռոզա Մարտիրոսյանը Արտաշատ բժշկական կենտրոնից դուրս գրվեց ներկաների ծափերի ներքո, իսկ հիվանդանոցի բակում նրան սպասում էին հարազատները։


Placeholder
Կորոնավիրուսից բուժված 91-ամյա տատիկն Արտաշատի ԲԿ-ից դուրս գրվեց ծափերի ներքո