Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են
Առողջություն
10:09 15/06/2020
Հայաստան

Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են

Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են և վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ:

Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ:

Ըստ աղբյուրի, եղբայրական Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողները առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում:

Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է միջազգային հանրությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու խնդրանքով։  Հայաստան բժիշկների խումբ ուղարկելու մասին հայտարարել են նաև հարևան Վրաստանն ու Լիտվան։

Հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով, որից 91-ը, ԱՆ հաղորդմամբ, «այլ հիվանդություններից»:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում: Նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է 663 նոր վարակակիր։

Placeholder
Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են