Տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր ունենք Հայաստանում. վարչապետ
Առողջություն
11:56 18/06/2020
Հայաստան

Տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր ունենք Հայաստանում. վարչապետ

«Հիմա մենք վստահ ենք, որ տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր ունենք ՀՀ-ում, մենք բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք, որպես վարակակրի, մենք ինքներս մեզ պետք է վերաբերվենք որպես վարակակրի»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ ընթացիկ շրջանի հիմնական խնդիրը մնում է կորոնավիրուսի համավարակը և նախորդ օրը 665 նոր դեպք է հայտնաբերվել:

Ըստ վարչապետի, այդ թվերը չի հաջողվում իջեցնել այն պատճառով, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում և կառավարությունը ստիպված է ավելի կոշտ վարչական միջոցներ կիրառել դրանք պահպանելու համար:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, եթե դիմակ չկրելու պատճառով քաղաքացին նաև անձնագիր չունենա, ապա վարչական պատասխանատվությունը կիրառումն ավելի երկար է տևում, քանի որ պետք է տանել բաժին անձը հաստատել, նոր կիրառել միջոցը, այդ պատճառով էլ պարետատան որոշմամբ մտցվեց անձնագիր ունենալու պարտադիր պայմանը:

Եթե պարզվի, որ քաղաքացին չունի նաև փաստաթուղթ, ապա, ըստ վարչապետի, հարուցվելու է երկու առանձին վարչական վարույթ և ենթարկվելու է երկու վարչական պատասխանատվության:

Վարչապետի խոսքով, բոլոր պետական մարմինները որտեղ ծառայություն մատուցելիս հերթեր են առաջանում, պարտադիր պետք է հերթերը կարգավորվեն ոչ միայն տարածքներում, այլև դրանից դուրս:

«Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ համավարակի տարածման վայրեր են համարվում բակերը, մոտ հասցեները»,- հայտնեց վարչապետը և տեղեկացրեց, որ վերահսկողական գործառույթները ուժեղացնելու համար կամավորների խմբեր են ձևավորվել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ նարդի խաղացողին կարող է պաշտպանել միայն դիմակը:

Վարչապետը նկատեց, որ դիմակների շուկայում գնանկում է արձանագրվում և մոտ ժամանակներում հնարավոր կլինի ավտոմատ ապարատներից 60-70 դրամով դիմակ գնել:

Նրա խոսքով միջազգայնորեն հաստատված հիմնավորում կա, որ 95 և ավելի տոկոսով դիմակի կրումը, սոցիալական հեռավորությունը և ձեռքերի ախտահանումը օգնում են համավարակից պաշտպանվելուն: Վարչապետը դրանում համոզվել է իր անձնական փորձով:

Առողջապահության նախարարի խոսքով, այս պահին 143 հոգի կա, որ կարիք ունի հոսպիտալացման, որից 25-ը գտնվում են տանը, 9-ը թեթև ծանրության և 16-ը միջին ծանրության:

«80 և ավելի թթվածնի պակասով քաղաքացի չկա տանը»,- հայտնեց Արսեն Թորոսյանը և հավելեց, որ այդ թվերը տատանվում են, բայց նվազման միտումներ չկա:

Առողջապահության նախարարի խոսքով, ներկայում վերակենդանացման բաժանմունքում 263 մահճակալ կա, մինչ այդ 200-ն են եղել և դրանք բոլորը զբաղված են:

Հայտնելով, որ վարակակիրները ավելի արագ են աճում, քան ավելացվող մահճակալները, Թորոսյանը շեշտեց, որ արդեն հիվանդներ են ընդունում Վեդու և Դիլիջանի հիվանդանոցները, նախապատրաստվում են Մարտունու և Սպիտակի բժշկական կենտրոնները:

Ըստ Արսեն Թորոսյանի բերած տվյալների, ներկայում կա 444 ծանր, 131 ծայրահեղ ծանր և 39-ը թոքերի արհեստական շնչառությամբ հիվանդ, բայց մեծ թվերի դեպքում ռեսուրսները բավարար չեն լինելու:

Placeholder
Տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր ունենք Հայաստանում. վարչապետ