Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց
Իրավունք
16:13 21/06/2020
Հայաստան

Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց

ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը  դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից։ Նա ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանեն փաստաբանները։

Փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը կալանավորման միջնորդությունը մերժել է։ Նրա խոսքով, որոշումը տրամադրվել է անմիջապես, բավականին ծավալուն է, դեռ պետք է ծանոթանան։ 

«Դատարանը կարողացավ վեր կանգնել քաղաքական պրոցեսներից»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը։

ԱԱԾ ներկայացրած միջնորդությունը քննում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի դեմ։ ԲՀԿ առաջնորդը դրանք համարում է շինծու  գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։  Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 17-ից քննվում էր ԲՀԿ  առաջնորդին  կալանավորելու միջնորդությունը, հունիսի 19-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որն էլ հրապարակվեց այսօր։

 

Placeholder
Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց