Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 23 տարեկան։ Արթուրը զոհվեց ապրիլի 2-ին՝ Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։
Նա Աբովյան քաղաքից էր: Ուսումն ավարտելուց հետո մեկնել էր ՌԴ` աշխատելու նպատակով: 18 տարին լրանալուց հետո հնարավորություն էր ունեցել մնալ ՌԴ-ում ու խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից: Սակայն նախընտրել է վերադառնալ հայրենիք, անցել ծառայության, մեկնել առաջնագիծ ու պաշտպանել հայրենիքը կյանքի գնով:
Արթուրը մասնակցել է Ջրականի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Ապրիլի 3-ի լույս ապիլի 4-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ՝ ընկել է հերոսի մահով։ Արթուրը մեկն էր այն հայ զինվորներից, ովքեր պատերազմի առաջին օրերին անհետ կորած էին համարվում և ում մարմինները հակառակորդը հայկական կողմին հանձնեց օրեր անց:
«Մարտական ծառայություն» հետմահու մեդալակիր է Արթուրը։
Մայրը՝ Գրետա Աչոյանը yerkirmedia.am-ին ավելի վաղ պատմել էր, որ ծառայության ժամանակ ոչ մի խնդրանք ու պահանջ չուներ. այնքան լավ էր ամեն ինչ ներկայացնում, որ անհանգստությունները փարատվում էին. «Ես էլ հումորով ասում էի՝ Արթուր ջան, ծառայության ես գնացել, թե սանատորիա: Ասում էր՝ հաշվի ըտենցա, մամ ջան:
Արձակուրդին եկավ, ձանձրանում էր, մամ ջան, ասում էր, գնամ, էնտեղ լավ է անցնում, դու չես պատկերացնում: Թե ինձ էր հանգստացնում… »։
