Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանին
Քաղաքական
16:05 27/06/2020
Հայաստան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ։  Հաղորդագրությունը տարածել է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդեակցության վարչությունը։

Ըստ աղբյուրի, Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի,  Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ եղել է 12 տարուց ավելի։

ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է նաև Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչև ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:

Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ։
Աշոտ Խաչատրյանն իր հերթին հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ։

«Ստորագրված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի կողմից»,- նշված է հաղորդագրության վերջում։

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղարկած նամակում մասնավորապես նշել է «Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին»։

Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ափսոսանք է հայտնել նաև ԵԺԿ-ն։


 

Placeholder
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանին