ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել
Կրթություն, գիտություն
13:04 29/06/2020
Հայաստան

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել

Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է  ներկայացրել։

«Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ
Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով ռեկտորի թեկնածու՝ հավատացած եմ, որ սա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար, խուսափել հետագա շահարկումներից և կնպաստի հայտարարված մրցույթի առավել թափանցիկ ու անաչառ անցկացմանը։

Այս ամիսների արդյունավետ աշխատանքի համար ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, իմ շատ սիրելի ՀՊՏՀ կոլեկտիվին և ուսանողներին, գործընկեր կազմակերպություններին: Վերջին ամիսները բոլորիս համար ծանր փորձության ամիսներ էին, բայց մենք միասնաբար հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։ Վստահ եմ՝ դեռ երկար ենք աշխատելու միասին՝ լինելով ՀՊՏՀ առաջընթացի ականատեսը։ Առո՛ղջ եղեք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Դիանա Գալոյանը։ 

Հիշեցնենք, որ Դ. Գալոյանը ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել 2019 թ. օգոստոսի 22-ին։ Մինչ այդ նա ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն էր։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դեռ մայիսի 25-ին էր հայտարարել, որ ՀՊՏՀ-ում առաջիկա օրերին կհայտարարվի ռեկտորի մրցույթ, կոչ արել և հորդորել Դիանա Գալոյանին հրաժարական տալ։ 

Placeholder
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել