«Նորակերտում այս պահի դրությամբ  ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող»
Հասարակություն
17:25 04/07/2020
Հայաստան

«Նորակերտում այս պահի դրությամբ ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող»

«Նախկինում գյուղում ջրամատարակարարում չկար: Վերևի թաղամասը խորքային հորերի ջուրն էին օգնագործում,որը խմելու համար պիտանի չէր, իսկ ներքևի համայնքում հինգ-վեց ծորակ էր, գյուղացիները գալիս այդ ծորակից ջուրը տանում էին»,- panorama.am-ի հետ զրույցում ասաց Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը:

 

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում  տասնամյակներ շարունակ   խմելու ջրի  խնդիրը լուծում չի  ստանում կամ էլ լուծվել է մասամբ:  Թեև գյուղը  մեծ չէ , ունի 890  բնակիչ, սակայն   խմելու ջուրը  ցայսօր մատակարարվում է գրաֆիկով: Այսինքն՝  մի երկու օր  գյուղի մասն է  ջուր ունենում, մի քանի օր՝ մյուս:  Այժմ  Նորակերտում   ներքին ջրագծերը փոխվել են : Գերասիմ Սարգսյանի  խոսքով ՝  ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն  երկու տարվա ընթացքում, այս պահին ներքին ցանցի բարեկարգման աշխատանքներ են տարվում:

«Ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ են կատարվել համայնքում  մոտ 4500  մետր, որն իրականացվում է  2019 թվականի ծրագրով: Իսկ  2020  թ.-ի ծրագրով  ներառված  է  ևս 2500 մետր, որից հետո  միայն գյուղում ջրի խնդիրը կարող ենք համարել լուծված»,-ասաց նա: 

Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ  շինարարական աշխատանքների մրցույթը կամփոփվի սույն թվականի  հուլիսի վեցին, որից հետո կմեկնարկի շինարարությունը և  կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում: Ընհանուր առմամբ , համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7150 մետր : Համայքի ղեկավարի խոսքով ՝ այս պահի դրությամբ  ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող:


  

«Գյուղի ջրի խնդիրը մինչև փոխելն էր  կար, հիմա էլ կա, քանի որ գյուղը սնվում է 15 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից: Մինչև գյուղ հասնելը Ակունք և Վարդենիսի Սև հողեր  թաղամասը նստած են այդ ջրագծի վրա, այդ իսկ պատճառով համայնքում կա ջրի խնդիր: Եթե կարողանանք գյուղում  լուծել ջրի  խնդիրն, ապա Ակունք համայնքում պետք է կառուցվի նորից մեկ ջրահավաք ավազան և դրա միջոցով դոտացիա տրվի մեր ջրագծին, որպեսզի կարողանանք ամբողջ գյուղը մատակարարել ջրով»,- ասաց Սարգսյանը:

Ակունք համայնքից սնվող օրվա կարգավորիչ ջրամբարում վերակառուցման և ջրաքանակի ավելացման աշխատանքները  նախատեսված է կյանքի կոչել գալիք տարվա ընթացքում ՝ սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակներում: Դրանից հետո միայն վստահորեն կարող ենք ասել, որ  համայնքը հիմնովին կանցնի շուրջօրյա ջրամատակարարման և խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի Նորակերտ համայնքում:

Ավելացնենք  նաև, որ  ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 21 միլիոն դրամ, որից 70 տոկոսը պետք է հատկացնի Կառավարությունը, իսկ 30 տոկոսը ՝  Նորակերտի համայնքապետարանը:

 

Placeholder