Շաբաթ և կիրակի օրերին  շուրջ 1000 նոր դեպք ենք ունեցել. Փաշինյան
Քաղաքական
18:31 06/07/2020
Հայաստան

Շաբաթ և կիրակի օրերին շուրջ 1000 նոր դեպք ենք ունեցել. Փաշինյան

Նոր տեսակի կորոնավիրուսի  համավարակի հետ կապված իրավիճակը  շարունակում է մնալ  ծանր: Շաբաթ և կիրակի օրերին  շուրջ 1000 նոր դեպք են ունեցել : Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում  տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով որ առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով:

«Մենք  ոչ միայն Հայաստանից ենք վատ լուրեր ստանում, այլև ամբողջ  աշխարհից: Բազմաթիվ երկրներում, որտեղ համարվում էր թե համավարակով պայմանավորված  իրավիճակը վերցվել է հսկողության տակ, գալիս են լուրեր, որ  նորից  կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում: Սա ավելի է խտացնում պատկերացումը, որ ունենք ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը, խոսելով ռազմավարությունից ասաց, որ այն  շարունակում է մնալ նույնը.«Տեսնում ենք, որ այս իրավիճակը հնարավոր է հաղթահարել քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում: Միայն վարչական մեթոդները որևէ  արդյունք չեն կարող տալ, եթե Հայաստանում վարքագծի զանգվածային փոփոխություններ տեղի չեն ունենում»:

Վարչապետը տեղեկացրեց, որ շաբաթ օրը շրջայց է կատարել Երևանի Ավան վարչական շրջանում, քաղաքացիներին դիմակներ է բաժանել և զրուցել:

«Հիմնական խնդիրը, որ տեսնում եմ, որ քաղաքացիները չեն հավատում իրենց անհատական վարքագծի փոփոխությանը կոնկրետ իրավիճակի վրա: Սա ամենակարևոր խնդիրն է: Նույնիսկ ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց հետ զրուցում էի, նրանց շրջապատում դեռևս չէր արձանագրվել կորոնավիրուսի ոչ մի դեպք»,-ասաց Փաշինյանն ու հավելեց.«Այսուհանդերձ իրականությունն այն է, որ այս պահի դրությամբ 491 մարդ մահացել է կորոնավիրուսի  հետևանքով: Մենք պետք է շարունակենք քաջալերել  քաղաքացիներին կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն»:

Վարչապետը նաև նշեց, որ Հայկական Կարմիր Խաչ  ընկերությունը Երևանում բացել է ավելի քան 30 կետ, որտեղ  քաղաքացիներին դիմակներ են բաժանում և իրազեկում  համաճարակային իրավիճակի հետ կապված:

Placeholder
Շաբաթ և կիրակի օրերին շուրջ 1000 նոր դեպք ենք ունեցել. Փաշինյան