Հռոմի պապն աջակցում է ՄԱԿ-ի ԱԽ նախաձեռնությանը՝ «կորոնավիրուսային» հրադադարի մասին
Քաղաքական
10:00 06/07/2020
Աշխարհ

Հռոմի պապն աջակցում է ՄԱԿ-ի ԱԽ նախաձեռնությանը՝ «կորոնավիրուսային» հրադադարի մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որով կոչ է արվում հրադադար հաստատել բոլոր կոնֆլիկտների գոտիներում՝ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին: Այս մասին գրում է Vatican News-ը։

«Գլոբալ և անհապաղ հրադադարի կոչը, որը կապահովի շատ անհրաժեշտ մարդասիրական օգնության հրատապ առաքման համար անհրաժեշտ խաղաղությունն ու անվտանգությունը, արժանի է գովասանքի», - ասել է Հռոմի պապը՝ ելույթ ունենալով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների ավանդական կիրակնօրյա քարոզին:

Նշվում է, որ հուլիսի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ ի պաշտպանություն հրադադարի մասին գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին:

Փաստաթուղթը նաև կոչ է անում զինված հակամարտությունների բոլոր կողմերին անհապաղ ապահովել «առնվազն 90 օր անընդմեջ կայուն հումանիտար դադար»` հումանիտար օգնության անվտանգ, անխափան և կայուն առաքումը հեշտացնելու համար:

«Հուսով եմ, որ այս որոշումը արդյունավետորեն և արագ կիրականացվի՝ ի շահ շատ տառապող մարդկանց: Անվտանգության խորհրդի այս բանաձևը կլինի առաջին համարձակ քայլը դեպի խաղաղ ապագա»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

 

Placeholder
Հռոմի պապն աջակցում է ՄԱԿ-ի ԱԽ նախաձեռնությանը՝ «կորոնավիրուսային» հրադադարի մասին