100 տոկոս երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չենք վարակվի. Արսեն Թորոսյան
Քաղաքական
11:56 07/07/2020
Հայաստան

100 տոկոս երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չենք վարակվի. Արսեն Թորոսյան

«Նույնիսկ եթե մենք վարակվել և լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ մենք երկրորդ անգամ չենք վարակվի»,-  մամուլի ասուլիսում հայտնեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և  բուժված քաղաքացիներին խորհուրդ տվեց պահպանել զգուշավորություն:

Շեշտելով, որ Հայաստանում կրկնակի վարակի դեպքեր չկան, առողջապահության նախարարը հայտնեց, որ աշխարհում ակադեմիական դեբատները շարունակվում են, թե արդյոք  լինում են կրկնակի վարակի դեպքեր:

«Կրկնակի վարակման պարագան բացատրվում է իմունիտետի երկարատևությամբ և քանի դեռ այդ հարցի պատասխանը մենք չունենք, նաև այդ կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չունենք»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը և զուգահառներ անցկացրեց մյուս սեզոնային սուր շնչառական վարակների հետ՝ պնդելով, որ դրանք երկարատև իմունիտետ չեն առաջացնում ու կրկնակի վարակի հավանականությունը մեծ է:

Տեղեկացնելով, որ վերջին  տվյալներով 1273 թեստավորման արդյունքում գրանցել է 349 նոր դեպք՝ առողջապահության նախարարը շեշտեց, որ այն պայմանավորված է կատարված թեստերի քիչ թվով և  երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի թվերը մեծանում են թեստավորման մաքսիմալ հզորագույնը՝ 2500 ին հասնելով:

Նախարարի խոսքով, մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, շատ քիչ տեղեր են ազատ լինում, որոնք արագ լրացվում են, այդ նպատակով էլ նոր հիվանդանոցներ են  միացվելու կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի բուժման համար «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի խմբաքանակ են գնել, որը 10 օրից Հայաստանում կլինի, իսկ բուժման այլ դեղամիջոցներ գնելու համար նույնպես բանակցություններ են վարվում ռուսական և ճապոնական դեղագործական կարզամկերպությունների հետ: Նախարարի խոսքով, Ճապոնիայից արդեն ստացել են խմբաքանակը, որը շուտոն կսկսեն օգտագործել:

Ըստ Թորոսյանի, աշխարհում այս պահին մշակվում է 200 պատվաստանյութ որոնցից 20-ը լինելու են մրցունակ:

Տեղեկացնելով, որ ամերիկյան «Մոդեռնա» և այլ դեղագործական ընկերությունների հետ բանակցություններ են վարվում պատվաստանյութ ձեռք բերելու համար՝ Արսեն Թորսյանը նկատեց, որ  դրանց վաճառքի մասով անորոշությունները շատ մեծ են: Նա տեղեկացրեց, որ արտասահմանյան պարբերականում կարդացել է, որ Մեծ Բրիտանիան 500 միլին ֆունտով արդեն գնել է 60 մլն դոզա ապագա պատվաստանյութ, ինչը նշանակում է, որ հապաղելու դեպքում այլ պետություններ դրանց հասանելիության խնդիր են ունենալու:

«Որոշ անմեղսունակ շրջանակների երկարատև կասկածներին նույնիսկ չեմ էլ ուզում անդրադառնալ»- հայտարարեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Մոդեռնա» ընկերության մշակած պատվաստանյութի վտանգավորություն վերաբերյալ որոշ շրջանակների տարածած տեղեկությունների վերաբերյալ հարցին:

Ըստ նախարարի  այդ շրջանակները  շարունակում են դրա վրա կառուցել իրենց մարտավարությունը՝ փորձելով մարդկանց հույզերի վրա խաղալով մեծ հակապատվաստումային արշավ առաջացնել, որն անխուսափելիորեն ռիսկ է պարունակում քաղքացիների առողջության և կյանքի համար: Նա կոչ է անում՝ կրթական և տեղեկատվական միջոցներով ճնշել այդ անմեղսունակությունը:

Թորոսյանը պնդեց, որ կենդանիների և տասնյակ հազարավոր մարդկանց վրա փորձարկվելուց հետո են  պատվաստանյութերը լայն կիրառում ստանում: Նրա խոսքով,  փորձարկման ընթացքում  երեք գնահատական է տրվում՝ թե ինչքանո՞վ են դրանք առաջացնում հակամարմիններ, արդյո՞ք առաջացնում են այլ հետևանքներ և երրորդ՝ գնահատվում է համաճարակաբանական նշանակությունը:

Նախարարի բերած օրինակով, կարմրուկի պատվաստանյութը 100 տոկոսով համաճարակաբանական ակտիվությունը իջեցնում է  և չի արձանագրվում կարմրուկի որևէ դեպք, բայց կան պատվաստանյութեր, որոնք ինչ-որ տոկոսով են իջեցնում՝ ինչպես գրիպի դեպքում:

Անդրադառնալով  պատվաստանյութից հնարավոր մահացածության և հաշմանադամություն առաջանալու հավանականության մասին հարցին՝ Արսեն Թորոսյանը հայտարարեց. «Ուզում եմ ընդհանրապես ասել, որը բազմիցս նշել եմ և հիմա էլ հաստատում եմ, որ պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ երբևէ հայտնավերված ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են: Ավելի անվտանգ, քան օրինակ սննդային թունավորումները, որոնք ավելի մարդասպան են, քան պատվաստանյութերը, որոնք ընդհանրապես մարդասպան չեն, եթե ճիշտ են օգտագործվում»:

Հայաստանի առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ երկար տարիներ որևէ լուրջ կողմնակի էֆեկտ պատվաստանյութերից չեն ունեցել և աշխատելու են որ առաջիկայում էլ չունենան:

Placeholder
100 տոկոս երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չենք վարակվի. Արսեն Թորոսյան