«Արմմոնո»-ն նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին
Մշակույթ
14:48 08/07/2020
Հայաստան

«Արմմոնո»-ն նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը կկայանա օգոստոսի 1-10-ը: Այս մասին  հայտնել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ու հույս հայտնել, որ այդ օրերին հնարավոր կլինի անցկացնել փառատոնը: 

Նրա փոխանցմամբ՝ բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Փառատոնի բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ, կարծում են, որ հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ: 

Փառատոնի տնօրենը նշել է, որ այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:  Փառատոնը կբացի ՀՀ վաստ. արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացումը՝ ըստ Հ. Մաթևոսյանի: 

Մ. Մխիթարյանը տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակում կցուցադրվի 20 մոնոներկայացում, որից մեկը՝ մանկական՝ «Տիեզերքը մեր տունն է»՝  Դավիթ Եղիազարյանի կատարմամբ:
Փառատոնին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը և այլք:  

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի արտերկրից դերասաններ փառատոնը չի հյուրընկալի, հասկանալի պատճառներով:

Փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլն: Փառատոնի մասնակիցներին, այս անգամ, առցանց կողջունեն մոնոփառատոների տնօրենները՝ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան ու այլք:  

Մ.Մխիթարյանը նշել է, որ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, ներկայացումները կցուցադրվեն «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և  Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաև Թիվ 15 սրճարանում:
Հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած իր հեղինակած «Կովիդ քրոնիկոն»:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ վաստ. արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:

Մխիթարյանի խոսքով՝ փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև դեբյուտային ներկայացումներ:

Փառատոնը կանցկացվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
 

Placeholder
«Արմմոնո»-ն նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին