Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի․ ԶԼՄ-ներ
Քաղաքական
12:34 09/07/2020
Աշխարհ

Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի․ ԶԼՄ-ներ

Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշել է Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, լրագրող Ռագիպ Սոյլուն հայտնել է Twitterում՝ հղում անելով կառավարության իր գործընկերների աղբյուրներին:

Պետական խորհուրդը`Թուրքիայի բարձրագույն վարչական մարմինը, հուլիսի 2-ին կայացած 17 րոպե տևողությամբ նիստում հայտարարել է, որ վճիռ կկայացնի 15 օրվա ընթացքում։

Ակնկալվում է, որ այդ որոշումը պաշտոնապես կհայտարարվի վաղը՝ հուլիսի 10-ին: Լրագրողի խոսքով՝ երկրի ընդդիմությունը չի պատրաստվում ընդդիմանալ 1934 թվականի կառավարության որոշման չեղարկման այս քայլին։

Նշենք, որ Սուրբ Սոֆիան մզկիթի չվերածելու մասին հայտարարություններով ու հորդորներով են հանդես եկել ԱՄՆ-ը պետքարտուղարությունը, Ռուս ուղղափառ եկեղեցին, Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, Հունաստանը, Պետդուման և այլն։ Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է՝ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները։

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է VI-րդ դարում՝ Հուստինիանոս կայսեր հրամանով։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1985թ․-ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։

 

Placeholder
Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի․ ԶԼՄ-ներ