Թուրքիայի Պետական ​​խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը
Աշխարհում
17:37 10/07/2020
Աշխարհ

Թուրքիայի Պետական ​​խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը

Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) չեղյալ է համարել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934-ի որոշումը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է CNN Turk-ը։ Նշվում է, որ հիմա Սուրբ Սոֆիան կարելի է օգտագործել որպես մզկիթ։

ՏԱՍՍ-ը գրում է, որ այդպիսով Թուրքիայի իշխանությունները օրինական հնարավորություն են ստացել փոխելու Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ սպասում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխության և այն թանգարանից մզկիթի վերածելու մասին Պետական խորհրդի որոշման և կգործի ըստ դրա։

Թուրքիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել էր, որ իր երկիրն իրավունք ունի փոխել տաճարի կարգավիճակը՝ այն վերածելով մզկիթի, առանց հաշվի առնելու այլ պետությունների կարծիքը:

Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։  1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։

Placeholder
Թուրքիայի Պետական ​​խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը