Ստեփանակերտի նոր ենթակայանը շահագործման կհանձնվի
Տնտեսություն
15:48 11/07/2020
Հայաստան

Ստեփանակերտի նոր ենթակայանը շահագործման կհանձնվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության  գլխավոր  վարչության փոխանցմամբ, երկրի ղեկավարին տեղում ներկայացվել են ներդրումային ծրագրի ընթացիկ աշխատանքների մանրամասները:

Ընկերության պատասխանատուների հավաստմամբ՝ ենթակայանը շահագործման կհանձնվի գալիք տարվա երկրորդ կեսին, որը հնարավորություն կտա 110 կՎ և 35 կՎ օդային գծերն ամբողջությամբ դուրս բերել մայրաքաղաքի բնակելի տարածքներից:

«Արցախէներգո» ՓԲԸ-ն նախատեսում է 2019-2023թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ներդնել ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամ, որից ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամը կծախսվի միայն Ստեփանակերտի նոր ենթակայանի կառուցման և վերազինման համար:

Ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ, չնայած համավարակի հետևանքով առաջացած օբյեկտիվ դժվարություններին, ներդրումային ծրագիրը իրականացվում է հիմնականում ըստ ժամանակացույցի:

Հանրապետության նախագահն իր գոհունակությունն է հայտնել ընացող աշխատանքի ծավալից՝ ընդգծելով, որ ներդրումների արդյունքում Արցախի էներգետիկ համակարգը զարգացման նոր փուլ կթևակոխի՝ ունենալով ավելի որակյալ, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում:

Placeholder
Ստեփանակերտի նոր ենթակայանը շահագործման կհանձնվի