Հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով
Օրվա թեմա
17:34 16/07/2020
Հայաստան

Հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:

«Երևանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:

Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը»,- գրել է քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում։





Հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից  կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ բնակավայրերի ուղղությամբ:

Նշված գործողությունների հետևանքովտարբեր աստիճանների վնասներ են հասցվել՝     

Այգեպար բնակավայրում՝ 9 առանձնատան, բնակչի պատկանող և քաղաքացիական օգտագործման «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, բնակավայրում գործող կոնյակի գործարանին, ինչպես նաև Ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետին, որի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պահակակետում ծառայություն իրականացնող Ոստիկանության ՊՊԳՎ վարչության Տավուշի բաժանմունքի 2 ոստիկան,

Չինարի բնակավայրում՝ 4 առանձնատան, բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ԳԱԶ 53» մակնիշի 1 ավտոմեքենային,

Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրում՝ 6 առանձնատան,

Բերդ քաղաքում՝ գործող կոնյակի գործարանին,

Նորաշեն բնակավայրում՝ բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ՈւԱԶ» մակնիշի մեկ ավտոմեքենային,

Տավուշ բնակավայրում՝ մեկ գերեզմանի շիրմաքարին և հենապատերին:

Նշված հանցավոր գործողությունների արդյունքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել միայն այն պատճառով, որ բնակիչները, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների աշխատակիցները, հասցրել են պատսպարվել ապաստարաններում, թաքստոցներում կամ այլ վայրերում:

Placeholder
Հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով