Հուլիսի 12-ից շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են
Քաղաքական
17:56 18/07/2020
ԼՂՀ

Հուլիսի 12-ից շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի ձեռնարկած ագրեսիայով պայմանավորված` արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Նշված ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 500 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  6000  կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 18-ին` ժամը 06:38-ի սահմաններում, ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնում հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

Նշենք, որ նախորդ շաբաթ՝ հուլիսի 5-11-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1800 կրակոց:

 

Placeholder
Հուլիսի 12-ից շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են