Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար
Քաղաքական
09:36 20/07/2020
Տարածաշրջան

Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի  տաճար, որտեղ ծանոթացել է այն մզկիթ վերածելուց հետո առաջին նամազի նախապատրաստական աշխատանքներին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա Թվիթերում լուսանկարներ է տեղադրել։ 

Էրդողանն ընդամենը մեկ բառ է գրել՝ «Այա-Սոֆիա...»։

Ռիա նովոստին գրում է, որ, դատելով լուսանկարներից, տաճարի ինտերիերը  որևէ փոփոխության չի ենթարկվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) չեղյալ էր համարել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934-ի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ հրաման է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ  նամազ անցկացնելու մասին։ Առաջին համընդհանուր աղոթքը կկայանա հուլիսի 24-ին։

Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։  1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի, որից հետո ընդգրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։
 

 

Placeholder
Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար