«Նախարարն ասում է՝ ի շահ աշակերտների ենք անում, սա ի շահ աշակերտների՞ է»
Կրթություն, գիտություն
13:40 21/07/2020
Հայաստան

«Նախարարն ասում է՝ ի շահ աշակերտների ենք անում, սա ի շահ աշակերտների՞ է»

Ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ ստացած, բայց  բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները  Գնահատման և թեստավորման կենտրոնի մոտ բողոքի ակցիա իրականացնելուց հետո հավաքվել են Ազգային ժողովի մոտ:

«Բոլոր համակարգերը կաղում են»,- նշում են ծնողները:

«17,18, անգամ 18,75 միավորով  երեխան դուրս է մնացել իրավաբանական ֆակուլտետից: Դա նորմա՞լ է: Ինչպե՞ս կարող է կրթության նախարարը պատասխանի, որ դա նորմալ է»,- ասում են ծնողները:

Ծնողների խոսքերով, երեխաները հոգեբանական ծանր ճնշումների մեջ են: Նրանք ասում են, որ իրենք տեղյակ չեն եղել փոփոխությոններից:  

«15 միավորով չի անցել իմ քույրիկը, բայց 8-7 միավորով գնացել ու նստել են Բրյուսով:  Անգլերենով երեխաների համար թափուր տեղեր գրեթե չկան»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Իմ երեխան նշել է ԵՊՀ առաջին հայտով,  9 հայտ ենք նշել, ոչ մի հայտով չի անցել: 16,50 միավոր է ստացել, ոչ մի հայտով չի անցել: Հանձնել է անգլերեն:  Ասում են թափուր տեղի համար դիմեք: Թափուր տեղ գոյություն չունի»,- ասում է ակցիայի մասնակիցը:

Ծնողներն ասացին, որ իրենք արդարություն են ուզում:

«Նախարան ասում է՝ ի շահ աշակերտների ենք անում: Սա ի շահ աշակերտների՞ է: Պահանջում ենք՝ տեղեր ավելացնեն»,- ասաց դիմորդներից մեկը:

«Խոսակցություններ կան, որ գումարով ընդունվողներ էլ կան: Եթե այդպես է՝ ինչո՞ւ ենք նոր կառավարություն, Հայաստան ստեղծել»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Նրանք սպասում են մինչև իրենց կմոտենան պատգամավորները, որպեսզի նրանց փոխանցեն իրենց խնդիրներն ու առաջարկությունները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից են փոխանցել, որ կմոտենան ակցիայի մասնակիցներին, թեև նրանք ցանկանում են հանդիպել երեք խմբակցության անդամների հետ:

«Խնդիր է, որն առաջացել է որոշակի հանգամանքների պատճառով, պետք է լուծում տրվի»,- ասում են ծնողները:


Placeholder