Մահացել է բեմադրիչ, դերասան Ալեքսանդր Քոչարյանը
Մշակույթ
15:50 24/07/2020
Հայաստան

Մահացել է բեմադրիչ, դերասան Ալեքսանդր Քոչարյանը

Այսօր կյանքից հեռացել է բեմադրիչ, դերասան, բազմավաստակ մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը:  Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

Ա.Քոչարյանը ծնվել է 1938թ. օգոստոսի 14-ին, Երևանում: 1955-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում, 1962-70թթ` ասպիրանտուրայում: Շուրջ 5 տարի աշխատել է Կապանի շրջանային թատրոնում` որպես դերասան, որտեղ խաղացել է ավելի քան 20 գլխավոր և երկրորդական դերեր:

1971-86թթ եղել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ‎ֆակուլտետի դեկանը, 1986-96թթ` ուսումնագիտական գծով պրոռեկտորը: 1992թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (1992թ-ից` պրոֆեսոր): 1998թ-ից եղել է ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի և մշակութաբանության ամբիոնի վարիչը:

Բեմադրել է Գի Արեկասիս «Եկվորը Ռանգունից», Ալեքսանդր Դյումա-որդու «Լրտեսի հետքերով», Ժ.Մարիելի «Թանկագին սեր» և այլ ներկայացումներ Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային, օպերետայի, Ստեփանակերտի և այլ թատրոններում: Ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան, ռեժիսուրայի ամբիոնի դոցենտի կոչում: Հայաստանի թատերական գործիչների միության և նախագահության անդամ է: 1981թ. արժանացել է Հայաստանի բուհի վաստակավոր գործչի կոչման:

Placeholder
Մահացել է բեմադրիչ, դերասան Ալեքսանդր Քոչարյանը