«20 տարի անց». Օլեգ Կլիմովը ներկայացրել է «Կալաշնիկովով Մադոննան» նկարի պատմությունը
Աշխարհում
13:45 24/07/2020

«20 տարի անց». Օլեգ Կլիմովը ներկայացրել է «Կալաշնիկովով Մադոննան» նկարի պատմությունը

Ռուս լուսանկարիչ և վավերագրական կինոռեժիսոր Օլեգ Կլիմովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերությունների սրմանը և պատմել «Կալաշնիկովով Մադոննան»  լուսանկարի (Էլլա Հարությունյան, 1992) մասին։

Կլիմովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը ինֆորմացիոն առիթ է հիշելու այս նկարի պատմությունը։ Նկարն այդ անունը ստացել է Կլիմովի հոլանդացի գործընկեր Simon Kool-ի կողմից։ Կլիմովը գրում է, որ նկարի վերաբերյալ իրեն դիմել են երկու հեռուստաընկերություններ՝ մեկնաբանության համար, սակայն ինքը խորհուրդ է տվել նրանց գնալ «Մադոննայի» մոտ Սևան ու խոսել հենց նրա հետ, քանի որ նա է հերոսը, ոչ թե ինքը։

Կլիմովը ներկայացրել է ՀՀ Առաջին ալիքի պատրաստած տեսանյութն ու գրել, որ իրեն դժվար է դատել դրա մասին, քանի որ հայերեն չի հասկանում։

Լուսանկարում կինը կալաշնիկովը ձեռքին նստած է քարին ու սպասում է որդուն։ Նա ոտքով Շահումյանից հասել էր Ստեփանակերտ՝ ապացուցելու, որ որդիների թիկունքում  նրանց հերոս մայրերն են։

«Լուսանկարն արել եմ 1992թ․-ի հունիսին Ստեփանակերտում: Այդ ժամանակ ես միայն գիտեի, որ կինը ոտքով է եկել Շահումյանի շրջանից: Ես չգիտեի նրա անունը, թե ինչու է ձեռքին պահում «Կալաշնիկով»  հրացան: Հետո ինձ թվաց, որ սա մի պարզ պատմություն է: Շուրջ հարյուրավոր փախստականներ կային, բայց ես ընտրեցի նրան, քանի որ նա պահում էր ծառայողական զենքը: Լուսանկարիչները միշտ փնտրում են պատկեր, ձև կամ կլիշե` իրադարձությունների խորհրդանիշ: Նույնը արեցի ես: Երկրորդ անգամ, երբ ես տեսա այս կնոջը, 20 տարի անց էր»,-գրել է Կլիմովը։

«Երբ մենք հանդիպեցինք 20 տարի անց, նա կարմիր չիչխան էր հավաքում Սևանա լճի ափին: Իմ հերոսուհին ինձ չճանաչեց: Մոտ երկու շաբաթ ես փնտրում էի նրան Ղարաբաղում և Հայաստանում՝ լուսանկարը ցույց տալով շուկաներում և փողոցներում անցորդներին: Ոչ ոք նրան չգիտեր: Ոմանք ասում էին, որ «պետք է նրան փնտրենք Ռուսաստանում, քանի որ օկուպացված Շահումյանի բնակիչներն այժմ բնակվում են Մոսկվայում: Ինձ վրա ծիծաղում էին ու հարցնում, թե ինչու եմ փնտրում այդ կնոջը, արդյոք նա իմ կինն է։ Զվարճալի է ասել, բայց 20 տարի անց այս լուսանկարն ինձ համար իսկապես կնոջ նման մի բան է դարձել»,-գրել է Կլիմովը։

Այս լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է հոլանդական թերթի առաջին էջում 1992 թվականին ու տարածվել բազում ամսագրերում։

Ամբողջական գրառմանը ծանոթացեք հղմամբ։
 

Placeholder
«20 տարի անց». Օլեգ Կլիմովը ներկայացրել է «Կալաշնիկովով Մադոննան» նկարի պատմությունը