Մի շարք երկրներում հայ-ադրբեջանական համայնքային բախումները բավականաչափ մտահոգիչ են. Պետրոսյան
Քաղաքական
18:43 25/07/2020
Հայաստան

Մի շարք երկրներում հայ-ադրբեջանական համայնքային բախումները բավականաչափ մտահոգիչ են. Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի շարք երկրներում հայ-ադրբեջանական համայնքային բախումները բավականաչափ մտահոգիչ են։

Առնվազն ինքս ինձ համար անընդունելի եմ համարում Հայաստանից առցանց որևէ ուղղորդման, հրահրման, առանձին դեպքերում անգամ քաջալերման խոսք գրելը, քանի որ զարգացումները, դրանց հետևանքները կարող են մարդկային կյանքեր արժենալ։ Ճիշտ նույն սկզբունքով, որով անընդունելի և վտանգավոր է պատերազմի ժամանակ առաջնագծում կանգնած զինծառայողին կամ թիկունքում ամենայն պատասխանատվությամբ իր գործը կատարող մասնագետին ուղղորդման փորձերը։
Առնվազն մի իրողություն պետք է ամրագրենք՝ միջհամայնքային բախումն ադրբեջանահայկական հակամարտության բաղադրիչներից մեկն է դարձել, ի դեպ, հրահրված հենց Բաքվից։

Սահմանային սրացումների ընթացքում ադրբեջանական վարչակարգը հրահրում է սեփական համայնքներին ավելի ակտիվ, նախաձեռնող լինել՝ խոստանալով պետության կողմից փոխհատուցել բոլոր վնասները։

Այսպիսին է մեր հարևանն ու թշնամին, որին փոխել չենք կարող։ Նման դեպքերում եզակի արդյունավետ միջոց կա՝ թշնամուդ հաղթել իր իսկ առաջարկած ձևաչափում ու մեթոդներով։ Իսկ դրա համար հաջողության բացառիկ բանաձևը մեկն է՝ համահայկական միասնականությունն ու համախմբվածությունը, ընդ որում՝ ոչ միայն իրավիճակային թեժացումների ընթացքում։

Հ․Գ․ Մասնագիտական մի խորհուրդ կարող եմ տալ Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Ադրբեջանցիների հետ բանակցային որևէ ձևաչափում անհրաժեշտ է ակնարկել, շեշտադրել սահմանային և միջհամայնքային սրացումներում ալիևյան բռնապետական վարչակարգի անհերքելի դերակատարումը, որը սեփական իշխանությունը պահելու համար ընդունակ է ռազմաճակատներ ստեղծել ինչպես սահմանին, այնպես էլ արտասահմանում։

Համոզված եղեք՝ այսօր հակահայ տրամադրություններով միավորված և նման ագրեսիվ վարք դրսևորող ադրբեջանցիները վաղը ոչ պակաս միասնականություն և աջակցություն են ցուցաբերելու իրենց հայրենիքում բռնապետական վարչակարգի դեմ դուրս եկածներին»։

Placeholder