Դիմորդներն ու նրանց ծնողները հրաժարվում են փոխնախարարի հետ հանդիպումից
Կրթություն, գիտություն
12:17 27/07/2020
Հայաստան

Դիմորդներն ու նրանց ծնողները հրաժարվում են փոխնախարարի հետ հանդիպումից

Միասնական քննությունների արդյունքում դրական ու բարձր միավորներ ստացած, բայց որևէ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այս պահին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց են։ Նրանք պահանջում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Պահանջում ենք կրթություն» ու այլ գրություններով պաստառներ։

Ակցիայի կազմակերպիչ ծնողներից մեկը մասնակիցներին խնդրեց պահպանել սոցիալական հեռավորություն, թույլ չտալ ոստիկաններին բարձրախոսով զգուշացումներ անել, ինքը մտավ նախարարության շենք՝ տեղեկացնելու ակցիայի ու նախարարին հանդիպելու վերաբերյալ մասնակիցների պահանջի մասին։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջավ նախարարության՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանը, առաջարկեց հանդիպել փոխնախարար Գ. Թամրազյանի հետ։

«Մենք ասել ենք, ցանկանում ենք հանդիպել միմիայն նախարարի հետ։ Խախտվել ու ոտնահարվել են դիմորդների՝ սովորելու իրավունքը, որը պետք է վերականգնվի»,- ասաց ծնողը։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ երեկվա ուղիղ եթերում արած այն հայտարարությանը, որ դիմորդները պատշաճ կերպով ծանուցված են եղել հայտի լրացման կարգի փոփոխության մասին,  ակցիայի մասնակից ծնողը պնդեց՝ նախարարը չի տիրապետում, թե ինչ է նշանակում պատշաճ ծանուցում։

«Առձեռն փաստաթուղթ դիմորդին չի տրվել, փոստով կամ էլեկտրոնային հասցեով չի ուղարկվել։ ԳԹԿ-ի կողմից ևս չի ծանուցվել։ Ի՞նչ պատշաճ ծանուցման մասին է խոսում նախարարը։ Ասում է՝ 57 հազար մարդ է դիտում իր էջը, կներեք, այդ 57 հազարի մեջ կարող է դիմորդ չլինի»,- ասաց նա։

Ծնողի խոսքով, փոխնախարարի հետ իրենք հանդիպել են, որևէ լուծում չի եղել, համոզված է, որ նախարարը խուսափում է իրենց հետ հանդիպել, քանի որ չի տիրապետում իրավական ակտերին։

«Երեկ իր կաբինետից է լայվ մտնում, եթե համարում է՝ ճիշտ է, թող դուրս գա հանդիպման, մենք հարցեր կտանք, ինքը հարցեր կտա, կտեսնեք, որ ինքը ճիշտ չի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ էր արել այս դիմորդներին դիմել հեռակա բաժին սովորելու համար։

«Դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, դիմել բուհեր»,- ասել է նախարարը՝ նշելով, որ քիչ հնարավորություն կա, որ նրանք չընդունվեն։

Այս առաջարկի վերաբերյալ էլ դիմորդի ծնողն ասաց.

«Սա նորություն չի, կներեք էլի, եթե կոպիտ ասած, իրենք ուզում են լավություն կերցրած լինեն, ներկայացնեն որպես հարցի լուծում, այդպես չէ։ Ո՞ր ծնողը չգիտի հեռակայի մասին»։



 

Placeholder
Դիմորդներն ու նրանց ծնողները հրաժարվում են փոխնախարարի հետ հանդիպումից