«Ժողովուրդ»-ը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառների մասին
Օրվա մամուլ
09:32 06/08/2020
Հայաստան

«Ժողովուրդ»-ը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառների մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից կերկարաձգվի ևս մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, օրինակ՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները: Այս մասին երեկ՝ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս իր օգոստոսի 5-ի համարում հայտնել էր, որ չնայած Արդարադատության նախարարությունը կառավարության հետ համատեղ գրեթե ավարտել է քննարկումները և առաջիկայում կներկայացնի նախագիծ, որը հնարավորություն կտա կորոնավիրուսային պայմաններում աշխատանքները կազմակերպել առանց արտակարգ դրությունը երկարացնելու, սակայն ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը հակված է այն ևս մեկ անգամ երկարաձգելուն:

Եվ, ահա, երեկ պարզ դարձավ, որ այն երկարաձգվում է ևս մեկ ամսով, սակայն վերջին անգամ: Այսպիսով, Ազգային ժողովը օգոստոսի 12-ին պետք է հատուկ նիստ գումարի և քննարկի այդ նախագիծը: Մինչ այդ նկատենք, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվելու է արդեն 5-րդ անգամ: Իսկ այն ևս մեկ ամսով երկարաձգելու պատճառն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները դեռ երկմտում էին՝ ինչպես վարվել՝ մեկ ամսով էլ երկարաձգել արտակարգ դրությունը և նոր օրենսդրություն ընդունել արդեն հերթական նստաշրջանում՝ այն կիրառելով սեպտեմբերից, թե ավարտել արտակարգ դրությունը և առաջնորդվել այլ կարգով: Ամեն դեպքում, քննարկումները հանգել են առաջին տարբերակին:

Եվ ինչպես իր խոսքում շեշտեց Տիգրան Ավինյանը, մի շարք սահմանափակումներ վերանայվելու են, այդ թվում՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները: Նկատենք՝ սա հենց այն արգելքն է, որի դեմ մշտապես ելույթ էին ունենում ընդդիմադիրները, և որի պատճառով նաև հավաքվների ժամանակ ոստիկանական ուժերը մարդկանց են բերման ենթարկում:

Հավելենք նաև, որ, մեր տեղեկություններով, արդեն պատրաստ են նաև օրենսդրական փոփոխությունները, որը հնարավորություն կտա այլևս չերկարացնել արտակարգ դրությունը, և իշխանությունները այլևս չեն սպասի սեպտեմբերյան ԱԺ հերթական նստաշրջանին և այն քննարկելու համար մինչև օգոստոսի վերջ մեկ արտահերթ նիստ ևս կգումարեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ»-ը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառների մասին