Ծանրամարտի միջազգային մրցաշարում  Հայաստանը հայտավորել է երեք ծանրորդ
Սպորտ
18:30 26/08/2020
Աշխարհ

Ծանրամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը հայտավորել է երեք ծանրորդ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 28-30-ը, տեղի է ունենալու ծանրամարտի միջազգային  հեռավար մրցաշար։ Այն նվիրված է Ուզբեկստանի հանրապետության անկախության տոնին։ Այդ անունն է կրում նաև խաղարկվող գավաթը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը  փոքր չէ։ Արդեն  40 երկիր, այդ  թվում՝  Հայաստանը, հայտ է ներկայացրել։ Մրցանակները կխաղարկվեն հինգ քաշային կարգերում։

Կազմկոմիտեն  և ծանրամարտի միջազգային ֆեդերացիան համատեղ քննարկել են մրցաշարին առնչվող  բազում հարցեր։

Բոլոր մրցավայրերում պայմանները պետք է համապատասխանեն պահանջներին։ Իսկ կազմակերպիչ երկրում  / Ուզբեկստանում /  տեղադրվել են լրացուցիչ սարքավորումներ և արագընթաց Wi-Fi ցանցեր։

Եթե  գրանցվեն համաշխարհային բարձրագույն նվաճումներ, ապա ռեկորդակիրը տեղում կենթարկվի դոպինգ քննության: «Մաքուր»  լինելու պարագայում, նոր նվաճումը  պաշտոնական գրանցում կստանա։

Կազմակերպիչ երկրի տարածքում կլինի ուղիղ եթերի հեռարձակում։ Հաղթողները կորոշվեն միայն  երկամարտի  արդյունքով։ Էկրանին կցուցադրվեն մրցանակակիրների լուսանկարները՝ մեդալների պատկերներով և կհնչի հաղթող մարզիկի երկրի պետական օրհներգը։

Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։

Հավելենք, որ  Հայաստանը հայտավորել է  երեք ծանրորդ․ Անդրանիկ Կարապետյան / 87 կգ /, Սամվել Գասպարյան / 102 կգ /, գերծանրքաշային Վարազդատ Լալայան։

 

Placeholder
Ծանրամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը հայտավորել է երեք ծանրորդ