Համավարակը սրել է գենդերային անհավասարությունը
Աշխարհում
16:40 01/09/2020
Աշխարհ

Համավարակը սրել է գենդերային անհավասարությունը

Կորոնավիրուսային ճգնաժամի ֆոնին գենդերային անհավասարության խնդիրն աշխարհում սրվում է: Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ակտիվիստների և կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համաշխարհային վիրտուալ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ համաճարակը մեկ անգամ ևս հիշեցրել է այն մասին, ինչն արդեն գիտեին. աշխարհում դեռ գերիշխող են տղամարդիկ: Անտոնիո Գուտերեշն ասել է, որ բուժաշխատողների մեծ մասը կանայք են։ Նրանք COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում են: Այնուամենայնիվ, նրանց աշխատավարձերը և աշխատանքային պայմանները չեն համապատասխանում նրանց կենսական կարևոր դերին:

«Անհատական պաշտպանիչ միջոցները հաճախ հարմարեցված են արական սեռի միջին պարամետրերին, ուստի բժիշկ-կանանց շրջանում վարակման ռիսկն ավելի մեծ է: Եվ չնայած առողջապահական աշխատողների 70 -90 տոկոսը կանայք են, նրանք զբաղեցնում են ոլորտի ղեկավար պաշտոնների 30 տոկոսից պակաս»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Կորոնավիրուսի բռնկումը և դրան հաջորդած դպրոցների փակումը մեկ անգամ ևս ցույց են տվել, որ կանայք կատարում են երեխաների և ընտանիքի այլ անդամների խնամքի չվճարվող աշխատանքի մեծ մասը: Բացի այդ, կարանտինի ընթացքում սեռով պայմանավորված բռնության դեպքերն ավելացել են. կանայք օրինազանցների հետ բառացիորեն «բանտարկվեցին» չորս պատերի մեջ:

Գուտերեշը կոչ է արել կանանց պաշտպանությունն առաջնահերթ լինել COVID-19-ի հետևանքների հաղթահարման ազգային ծրագրերում:

Սա խնդիրների ամբողջ ցանկը չէ: Աղքատ երկրներում համաճարակի ժամանակ աղջիկները թողնում են դպրոցը: Վտանգ կա, որ նրանք այլևս չեն վերադառնա իրենց դասասենյակներ և կարող են դառնալ բռնության կամ շահագործման զոհ:

Փորձագետների կարծիքով, տարիներ կպահանջվեն գենդերային հավասարության ոլորտում նախկին նվաճումներին վերադառնալու համար:

Placeholder