Թուրքիան պատրաստ է բանակցել Հունաստանի հետ
Քաղաքական
17:45 01/09/2020
Տարածաշրջան

Թուրքիան պատրաստ է բանակցել Հունաստանի հետ

Թուրքիան կողմ է Միջերկրական ծովում էներգետիկ ռեսուրսների արդար բաշխմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Թուրքիան պատրաստ է բանակցությունների և հանդես է գալիս ռեսուրսների արդար բաշխման օգտին»,- հայտնել է այդ երկրի ԱԳՆ ղեկավարը:

Չավուշօղլուն Հունաստանին նաև նախազգուշացրել է Կաստելորիզո կղզի զինվորականներ չուղարկելու մասին՝ կարծիք հայտնելով, որ այդ դեպքում Աթենքը պարտված կողմ կլինի:

Հունիսի 9-ին Հունաստանը և Իտալիան համաձայնագիր ստորագրեցին Իոնական ծովում երկու երկրների միջև բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման վերաբերյալ: Օգոստոսի 6-ին Հունաստանի և Եգիպտոսի արտգործնախարարները համաձայնագիր էին ստորագրել Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին: Այս երկու պայմանագրերն էլ արդեն վավերացվել են Հունաստանի խորհրդարանի կողմից: Աթենքը նախատեսում է նաև հետագայում նմանատիպ համաձայնագրեր կնքել Կիպրոսի, Լիբիայի և հնարավորության դեպքում նաև Թուրքիայի հետ:

Օգոստոսի 26-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում հայտարարեց, որ, օրինագիծն անհապաղ ներկայացնելով, Հունաստանը Իոնյան ծովում 6-ից 12 ծովային մղոն դեպի արևմուտք ընդլայնելու է իր տարածքային ջրերը:

Ըստ Միցոտակիսի, դա վերաբերում է Հունաստանի Իոնական կղզիներից մինչև Պելոպոննեսի թերակղզու Թենարոն հրվանդանի միջև ընկած տարածքին: Վարչապետը հավելել է, որ Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն Իտալիայի և Ալբանիայի իր գործընկերներին արդեն տեղեկացրել է Հունաստանի որոշման մասին:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը օգոստոսի 29-ին Հունաստանին սպառնացել էր պատերազմով, եթե վերջինս իր տարածքի ջրերը Էգեյան ծովում 12 ծովային մղոնով ընդլայնի: Անկարան նաև հայտարարել էր, որ չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, և  իր հետազոտական Oruc Reis նավը ռազմանավերի խմբի  ուղեկցությամբ ուղարկեց Կաստելորիզո կղզու հունական շելֆային գոտի՝ սեյսմիկ հետազոտության համար: Իր հերթին, Հունաստանը լրիվ պատրաստության վիճակի էր բերել իր զինված ուժերը և հայտարարել, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները:

Placeholder
Թուրքիան պատրաստ է բանակցել Հունաստանի հետ