Վենետիկի 17-րդ ճարտարապետական բիենալեի 33 տաղավարների համադրողներն անկախ հարթակներ են ստեղծում
Մշակույթ
20:32 03/09/2020
Աշխարհ

Վենետիկի 17-րդ ճարտարապետական բիենալեի 33 տաղավարների համադրողներն անկախ հարթակներ են ստեղծում

Վենետիկի ճարտարապետական 17-րդ բիենալեի մասնակից-երկրների 33 ազգային տաղավարների համադրողները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ artguide.com-ի հաղորդմամբ, նրանց կարծիքով, շարունակվող COVID-19 համաճարակի ֆոնին բիենալեի հիմնական հարցը՝ «Ինչպե՞ս ենք միասին ապրելու», նոր իմաստ է ստանում։

«Երբ մարդկանց կյանքն ու նրանց ապրուստը վտանգի տակ են, մենք պետք է վերագնահատենք այն, թե ինչպես ենք մտածում մեր մասնագիտության, մեր թիմային աշխատանքի և քաղաքաշինական միջավայրի մասին»:

Այս առումով կուրատորները հայտարարում են անկախ հարթակներ ստեղծելու մասին, որտեղ  նրանք կկիսվեն ցուցահանդեսային բովանդակությամբ և կհետազոտեն նշանակալի կորելյացիաները:
Ենթադրվում է, որ նախագիծը կհանգեցնի հատուկ համագործակցության և համատեղ նախագծերի մասնագիտության նույն նպատակներն ու խնդիրները կիսող երկրների միջև: Ծրագրի վերջնական նպատակն է կուրատորների միջև տեղեկատվության անընդհատ փոխանակումը ոչ միայն 2021-ի բիենալեում, այլև Վենետիկի բոլոր ապագա բիենալեներում:

Վենետիկի ճարտարապետության 17-րդ բիենալեն տեղի կունենա 2021 թվականի մայիսի 22-ից նոյեմբերի 21-ը: Այն 2021 թվական տեղափոխելու  մասին որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ պարզ էր, որ 2020 թ.-ին նախատեսված ցուցահանդեսը չի կարող կազմակերպվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Բիենալեն պետք է բացվեր 2020 թվականի օգոստոսի 29-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով  կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին։

Placeholder