Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան-Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր շարունակվել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը:
Դատարանը բավարարեց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը. ԱԺ նախկին նախագահը կարող է որոշ ժամանակով մեկնել երկրից:
Մեղադրող դատախազը չառարկեց ներկայացված միջնորդության դեմ:
Դատավորը հայտարարեց. «Դատարանը, հաշվի առնելով Արա Բաբլոյանի անձը, նրա ընտանեկան դրությունը, կապը Հայաստանի Հանրապետության հետ, զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև նրա կողմից նախաքննության, դատաքննության ընթացքում դրսևորած վարքագիծը, որոշեց բավարարել միջնորդությունը, թույլատրում է միջնորդության մեջ նշված ժամանակահատվածով նշված վայր մեկնել և վերադառնալ»:
Հիշեցնենք՝ ըստ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի, նա, 2018 թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: