Լոնդոնում սկսվում են Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ լսումները
Իրավունք
12:06 07/09/2020
Աշխարհ

Լոնդոնում սկսվում են Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ լսումները

Սպասվում է, որ այսօր Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանում կսկսվեն Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով հիմնական լսումները: 

Դատավոր Վանեսա Բարայտսերի ավելի վաղ կայացրած որոշման համաձայն՝ լսումները պետք է տեղի ունենան դատարանի դահլիճում մեղադրյալի ներկայությամբ, դրանք կտևեն երեք-չորս շաբաթ: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը:

Ասանժը պետք է տեղափոխվի Լոնդոնի կենտրոնում գտնվող դատարան մայրաքաղաքի արևելքում գտնվող Բելմարշ բանտից` հատուկ մեքենայով, որը նախատեսված է բանտարկյալների տեղափոխման համար:

Ավելի վաղ պաշտպանական կողմը հայտարարել էր, որ Ասանժը վատառողջ է և կորոնավիրուսով վարակվելու ռիսկը մեծ է, այդ պատճառով վերջին ամիսներին նա ի վիճակի չէր անձամբ մասնակցել նիստերին և նույնիսկ բանտից տեսազանգի միջոցով միանալ լսումների:

Ակնկալվում է, որ առաջիկա դատական նիստերը տեղի կունենան սոցիալական հեռավորությունը պահելու կանոններից ելնելով. դատավարության որոշ մասնակիցներ, Ասանժի կողմնակիցները և մամուլը դատավարությունը կհետևեն տեսակապի միջոցով:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 2019 թ.  ապրիլի 10-ին  ձերբակակել է  WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։  2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:

 

Placeholder
Լոնդոնում սկսվում են Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ լսումները