Մաքսազերծումը թանկանում է, լայն սպառման ապրանքները 20 տոկոսով թանկանալու են. քաղաքացիների բողոքը
Տնտեսություն
11:43 10/09/2020
Հայաստան

Մաքսազերծումը թանկանում է, լայն սպառման ապրանքները 20 տոկոսով թանկանալու են. քաղաքացիների բողոքը

Ինչպես ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստի օրերին, կառավարության դիմաց հավաքվել են  քաղաքացիներ՝ բարձրաձայնելով իրենց խնդիրները: Ոստիկանությունը պարբերաբար բարձրախոսով հայտարարում է՝ պահել սոցիալական հեռավարություն, կրել դիմակներ:

Բողոքողների շարքում են Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները: Նրանց պահանջն է՝ պատկան մարմինները բանակցեն, որպեսի ՌԴ-ի հետ սահմանը բացվի, օրինական ճանապարհով հասնեն ՌԴ:

«Հանդիպեցինք արտաքին գործերի նախարարի հետ, բայց դա պատասխան չէ, ասում է, որ ՌԴ-ն չի ընդունում, ուրեմն բանակցեք՝ թող ընդունի: Բազմաթիվ երկերներ կան, որոնց հետ սահմանները բացվել են: Մենք ԵԱՏՄ  անդամ ենք, որն ավելի առավելություններ ունի տեղաշարժվելու, բայց մեզ ոչ մի պատասխան չեն տալիս: Խնդրում ենք, հորդորում ենք մեր կառավարությանը, որն ընտրվել է Հայաստանի հպարտ քաղաքացու շնորհիվ, մեր հարցին լուծում տա՝ ցանկանում ենք գնանք Ռուսաստան»,- ասաց ակցիայի մասնակից քաղաքացին:

Կառավարության դիմաց են նաև հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող տնտեսվարողները, որոնք բողոքում են մաքսազերծման նոր գնային քաղաքականությունից, կանոններից: Երեկ նույնպես բողոքի ակցիա էին իրականացրել, հանդիպել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ:

«Հիմա մենք պահանջում ենք, խնդրում ենք մեր կառավարությունից՝ թույլ տալ մեկ տարի ժամանակ տալ աշխատել այնպես, ինչպես մինչև փոփոխություններն էին, այսինքնէ  1 կգ-ի համար նույն վճարը տանք, մինչև հասկանանք, թե  ոնց է լինում, նստենք, քննարկենք: Իրենք ասում են՝ միջազգային կամ ԵԱՏՄ կանոններով պետք է աշխատել, հատիկով մաքսազերծվի: ԵԱՏՄ անդամ երկրներից առնվազն Ռուսաստանը, Ղազախստանը, կիլոգրամով են անում մաքսազերծումը, Չինաստանից Մոսկվա՝ 3,5 դոլար է, Թուրքիայից Մոսկվա՝  2,5 դոլար: Այդ դեպքում ինչո՞ւ է երկակի ստանդարտ: Ասում են՝ բերենք հավասար դաշտ լինի, բայց հավասար դաշտ չի լինում»,- ասաց բողոքող քաղաքացին:

Նրանք նշում են, որ ընդհարապես անորոշ վիճակ է: Նշում են, որ եթե մաքսային արժեքը թանկանում է, լայն սպառման ապրանքները 20 տոկոսով թանկանալու են: 

«Մեզ, ձեզ պե՞տք է դա»,- հարցադրում արեց ակցիայի մասնակիցը: 

Placeholder
Մաքսազերծումը թանկանում է, լայն սպառման ապրանքները 20 տոկոսով թանկանալու են. քաղաքացիների բողոքը