ԵՄ-ն քննադատում է Մեծ Բրիտանիայի իշխանություններին
Քաղաքական
09:41 10/09/2020
Աշխարհ

ԵՄ-ն քննադատում է Մեծ Բրիտանիայի իշխանություններին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չորեքշաբթի օրը թվիթերյան գրառման միջոցով խորը մտահոգություն է հայտնել ԵՄ-ից դուրս գալու մասին պայմանագիրը խախտող օրինագիծ ընդունելու Մեծ Բրիտանիայի փորձի մասին` նշելով, որ դա կվերացնի վստահությունը կողմերի միջև և կխափանի առևտրային բանակցությունները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան հայտարարել էր մի օրինագծի ընդունման մասին, որը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքի որոշ դրույթներ: 

Բրիտանական կառավարությունը գտնում է, որ օրենքի դրույթները «շատ յուրահատուկ և սահմանափակ ձևով» են խախտում միջազգային իրավունքը, սակայն աճում է մտավախությունը, որ այս օրենքի ընդունումը կվնասի առևտրային նոր համաձայնագրի կնքմանը Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության միջև:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոս Սեֆչովիչը կոչ է արել արագ հանդիպում կազմակերպել բրիտանական կողմից Brexit-ի իրականացման պատասխանատու Մայքլ Գովի հետ:

Սեֆչովիչը հավելել է, որ երեքշաբթի երեկոյան Գովի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա ընդգծել է, որ եթե ապագա առևտրային գործարքի շուրջ բանակցությունները շարունակվեն, ԵՄ-ն պետք է վստահություն ունենա Լոնդոնի նկատմամբ:

«Մեզ համար սա, իհարկե, սկզբունքային է», - ասել է Սեֆչովիչը մամլո ասուլիսի ընթացքում:

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, ով նախագահում է ԵՄ առաջնորդների գագաթնաժողովները, նույնպես Twitter-ում արձագանքել է Լոնդոնի օրենսդրական նախաձեռնությանը, որը վտանգում է ԵՄ-Միացյալ Թագավորություն Brexit-ի պայմանագիրը՝ նշելով, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանագիրը «պետք է ամբողջությամբ իրականացվի»:

Placeholder
ԵՄ-ն քննադատում է Մեծ Բրիտանիայի իշխանություններին