Ուսանողները դիմում են կառավարություն՝  ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով
Կրթություն, գիտություն
14:09 15/09/2020
Հայաստան

Ուսանողները դիմում են կառավարություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով

Երևանի պետական համալսարանից ուսանողները երթով  հասել են կառավարության շենք: 

«Ուսման վարձի մասնակի փոխհատուցման նախաձեռնության առաջին ամենակարևոր փուլը ավարտված է:

Ավելի քան 5000 ուսանող իր ստորագրությամբ միացել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը` դիմելու կառավարություն ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով։

Այսօր ժամը 13։00-ին համալսարանից երթով կգնանք կառավարություն, մեր դիմումը փոխանցելու գործադիրին»,- ավելի վաղ հայտնել էր ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

Ուսանողները նշում են, որ համավարակով առաջացած վիճակով պայմանավորված՝ իրենց ընտանիքները ֆինանսական խնդիրներ ունեն, չեն կարողանում վճարել իրենց ուսման վարձը:

«Հիմա ենք անում, չենք սպասում, որպեսզի ստորագրություններն ավելի շատ լինեն, որովհետև շուտով մոտենում է  ուսման վարձերը վճարելու սահմանված ժամկետը: Եթե չվճարեն, ըստ կարգի, դուրս են մնալու: Այդ խնդիրը հնարավորինս շուտ լուծում պետք է ստանա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: 

Նա նշեց, որ ԵՊՀ ղեկավարության հետ այս հարցը շատ ենք քննարկել, ստացել են պատասխան, որ բուհն ի վիճակի չէ ուսանողների մեծ թվի նման չափի ուսման վարձի փոխհատուցում տրամադրի: 

«Ես էլ եմ համաձայն: Դա նաև հարկային պարտավորություններ է ենթադրում»,- ասաց նա:

Դավիթ Ափոյանը 5300 կողմից ստորագրված դիմում-պահանջը փոխանցեց կառավարության ներկայացուցչին: 

«Հիմնավորումը նշված է նամակում: Ակնկալում ենք, որ կարճ ժամանահատվածում կառավարությունից կստանանք դրական արձագանք: Շուտով մոտենում է վարձի վճարման սահմանված ժամկետները, եթե չվճարեն, դուրս կմնան ուսանողները: Մինչ այսօր ունենք նախորդ կիսամյակի վարձը չվճարած շատ ուսանողներ»,- ասաց նա: 

Կառավարության ներկայացուցիչը  հայտնեց, որ առաջիկա օրերին վարչապետի մոտ նոր քննարկումների շարք է սկսվելու սոցիալ-տնտեսական  անելիքների վերաբերյալ, այդ նամակը անպայման հիմք  կընդունեն  որոշումների կայացման համար: 

Դավիթ Ափոյանն ասաց, որ առաջին կուրսեցիների վարձի վճարման  վերջնաժամկետն այսօր է,   իսկ նախորդ կիսամյակից դեռևս մնացած պարտք ունեցողները պետք է վճարեն մինչև  սեպտեմբերի 18-ը: 

«Եթե պատրաստվում եք   ծրագիր մշակել, միգուցե փորձեք կարգադրել կամ հրահանգել բուհերին, որպեսզի այդ հիմքով ուսանողներին դուրս չթողնեն և հավելյալ ժամանակ տրամադրեն մինչև ծրագիրը մշակեք»,- առաջարկեց Դ.Ափոյանը: 

Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ խնդրանք-պահանջը կփոխանցի վարչապետին: 

Լրագրողների հետ զրույցում Դ.Ափոյանն ասաց, որ  մեկ շաբաթ առաջվա տվյալներով, միայն ԵՊՀ-ում 500 ուսանող  դեռ  նախորդ կիսամյակից վարձի պարտք ունեն:
«Այլ բուհերից շատ ուսանողներ են մեզ դիմել, միացել են նախաձեռնությանը»,- նշեց նա:
Դ.Ափոյանն ասաց, որ առաջին կուրսեցիների համար վարձավճարը թանկացել է 70-160 հազար դրամի չափով, ինչն էլ ավելի է ընդգծում խնդիրն առաջին կուրսեցիների  մոտ:
«Կրթության վրա  կատարված ցանակած ներդրում արդարացված է: Որևէ իշխանություն չպետք է ափսոսի, որ կրթության վրա  ներրդում է  արել, տասնապատիկի չափով դա հետ է վերադառնալու: Այն ընտանիքներին, որոնք կանգնած են ֆինանսական, սոցիալական  խնդիրների առաջ, մենք չպետք է մենակ թողնենք»,- ասաց նա

Placeholder
Ուսանողները դիմում են կառավարություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով