Ու մտահոգ այս «յարուսը» ժամանակին չէր մտահոգվում. ԿԳՄՍ նախարար
Կրթություն, գիտություն
15:53 16/09/2020
Հայաստան

Ու մտահոգ այս «յարուսը» ժամանակին չէր մտահոգվում. ԿԳՄՍ նախարար

«Նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել` հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժներ և արագացումներ կամ դանդաղումներ հարուցելու համար»,-խորհրդարանում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ելույթ ունենալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանա: Խորհրդարանական խմբակցությունը հարցապնդմամբ պահանջում է նախարարի հրաժարականը:

Արայիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ իրականում «Լուսավոր Հայաստան»-ի այս նախաձեռնությունը ավելի կուժեղացնի նախարարությունը, որովհետև հնարավորություն է ստանում ավելի հանգամանալից ներկայացնել ոլորտում տարվող մեծ աշխատանքը։

Հարությունյանը պնդեց, որ այն պահին երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղղությամբ է գնում, մի րոպե ավելի չեմ զբաղեցնի նախարարի պաշտոնը:

Նախարարը հայտարարեց, որ մեծ բարեփոխումների շուրջ լարվածության պատճառները նաև օբյեկտիվ են, և ենթադրեց, որ այդ առումով հանրության, ԱԺ-ի, մի շարք շահագրգիռ կողմերի և նախարարության միջև գոյություն ունեցող կոմունիկացիոն հարցերն են դրա պատճառը, որոնք  հնարավոր է շտկել, բայց նկատեց, որ կան նաև ծայրահեղ սուբյեկտիվ պատճառներ, որոնց մեծ մասն անընդունելի, անհասականալի և մերժելի է:

ԿԳՄՍ նախարարը պնդեց, որ տասնյակ և հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց վրա զգացել են բարեփոխումների կառուցվածքային, ենթակառուցվածքային, նյութականին միտված բարերար ազդեցությունները, տասնյակ նոր դպրոցներ, մշակութային հաստատություններ են նորոգվել, ստեղծվել և ստեղծվում համայնքներում:

«Ու մտահոգ այս «յարուսը» ժամանակին չէր մտահոգվում, որ ռազմավարությունը չկար կամ իրենց մասնակցությամբ կառավարությունը չէր հետևում այդ ռազմավարությանը»,-հայտնեց նախարարը՝ ակնարկելով իր դեմ արշավ նախաձեռնածներին:
 

Placeholder