Մեղրիի  անցակետի արդիականացման հարցն ընդգրկված է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական զարգացման ծրագրում
Քաղաքական
19:43 16/09/2020
Հայաստան

Մեղրիի անցակետի արդիականացման հարցն ընդգրկված է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական զարգացման ծրագրում

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման և ընդլայնման ծրագրի իրականացման, այդ նպատակով կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի, ինչպես նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու շահագործման անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով կնքված արձանագրության դրույթների իրականացման և երկկողմ ապրանքաշրջանառության աճի ավելացմանն ուղղված քայլերը: Հանդիպմանն ընդգծվել է նաև Իրանի համար Հայաստանի կարևոր դերակատարումը` որպես Եվրասիական տնտեսական միության շուկա մուտքն ապահովող տարանցման ուղի: 

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները և պայմանավորվածություն ձեռք բերել հետամուտ լինել հետագա փոխգործակցության ամրապնդմանը:

ՀՀ ՊԵԿ ղեկավարությունը հավաստիացրել է, որ ՀՀ և ԻԻՀ միջև առևտրային հարաբերությունների զարգացմանն ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, և ՀՀ կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը՝ դրանք առավել զարգացնելու ուղղությամբ։

ՊԵԿ-ից նշում են, որ Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման և ժամանակակից համակարգերով վերազինման հարցն ընդգրկված է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական զարգացման ծրագրում:

 

Placeholder
Մեղրիի անցակետի արդիականացման հարցն ընդգրկված է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական զարգացման ծրագրում