Եվրոպական խորհրդարանը՝ Թուրքիային․ Անհապաղ դադարեցնել ապօրինի հորատումը, «ազգայնական ռազմատենչ հռետորաբանությունը»
Քաղաքական
15:08 17/09/2020
Տարածաշրջան

Եվրոպական խորհրդարանը՝ Թուրքիային․ Անհապաղ դադարեցնել ապօրինի հորատումը, «ազգայնական ռազմատենչ հռետորաբանությունը»

Եվրախորհրդարանականները դատապարտում են Թուրքիայի գործողությունները Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և լիակատար համերաշխություն հայտնում անդամ երկու պետություններին: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանից։

Սեպտեմբերի 24-25-ին կայանալիք ԵՄ խորհրդի հատուկ նիստին ընդառաջ` Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից իրավիճակի վտանգավոր սրման և Թուրքիայի դերի վերաբերյալ, Եվրախորհրդարանականներն ընդունված բանաձևով իրենց լիակատար համերաշխությունն են հայտնում Հունաստանին և Կիպրոսին` 601 կողմ, 57 դեմ, 36 ձեռնպահ ձայներով։

Նշելով, որ ԵՄ-ն հստակ և վճռականորեն պաշտպանելու է իր շահերը՝ եվրախորհրդարանականները կոչ են անում Թուրքիային անհապաղ դադարեցնել հետագա ապօրինի հետախուզական և հորատման գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում, զերծ մնալ Հունաստանի օդային տարածքի և Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերի խախտումներից և դադարեցնել «ազգայնական ռազմատենչ հռետորաբանությունը»։

Եվրապատգամավորները նշում են, որ լուծումը կարելի է գտնել միայն երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների միջոցով:

Նրանք նաև լուրջ մտահոգություն են հայտնում ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ, որի վրա լրջորեն ազդում են Թուրքիայում մարդու իրավունքների ծանր իրավիճակը և ժողովրդավարության ու օրենքի գերակայության քայքայումը։

Պառլամենտականները կոչ են անում ինչպես Թուրքիային, այնպես էլ անդամ երկրներին՝ աջակցել Լիբիայում քաղաքական երկխոսությանը և պահպանել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից սահմանված զենքի էմբարգոն: Եվրախորհրդարանականները ափսոսանք են հայտնում այն բացասական ազդեցության համար, որ թողնում են Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականությունն ու Միջերկրական ծովի այլ գործողությունները տարածաշրջանի, այդ թվում՝ Սիրիայի կայունության վրա:

Պնդելով, որ հետագա պատժամիջոցներից հնարավոր է խուսափել միայն երկխոսության միջոցով, նրանք կոչ են անում ԵՄ խորհրդին՝ պատրաստ լինել մշակելու հետագա պատժամիջոցներ, որոնք պետք է լինեն ոլորտային և նպատակային, որոնք բացասական ազդեցություն չեն ունենա Թուրքիայի ժողովրդի կամ այնտեղ բնակվող փախստականների վրա:
 

Placeholder
Եվրոպական խորհրդարանը՝ Թուրքիային․ Անհապաղ դադարեցնել ապօրինի հորատումը, «ազգայնական ռազմատենչ հռետորաբանությունը»