«Գութանը»՝ Տավուշում
Մշակույթ
19:11 21/09/2020
Հայաստան

«Գութանը»՝ Տավուշում

Այս տարի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը տեղի կունենա  սեպտեմբերի 25-26-ը Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի  և Բերդ քաղաքում։ Փառատոնի իրականացման մասին տեղեկացնում է փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանն այս տարի կմասնակցեն Հայաստանի լավագույն ազգագրական խմբերից 13-ը՝  Ակունք, Սասնա Ծռեր, Վան, Արդվին, Մասունք, Նուբար, Վերադարձ, Գորանի, Վարք Հայոց, Սեբաստացիներ, Մարաթուկ, Արեգ և Մարաթուկցիներ, ովքեր ելույթներ կունենան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ - մեկ համայնք ձևաչափով, այնուհետև բոլոր խմբերը միասին  ելույթ կունենան Բերդում, որտեղ կկայանա գլխավոր համերգը:

«Շուրջ  250 արտիստներ իրենց ավանդական,  հայրենասիրական, ոգեկոչող և ժողովրդական երգ ու պարով  նոր տրամադրություն կհաղորդեն մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա  հատկապես այս վերջին շրջանում, հուլիսյան  իրադարձություններից հետո»,- ասում է Արսեն Գրիգորյանն ու ընդգծում, որ համավարակի պատճառով  արտիստները, զրկված լինելով կենդանի համերգների և հաղորդակցության հնարավորությունից, ունեցան   ստեղծագործական երկարատև  դադար, և Գութանի շնորհիվ  իրենց մեջ  կուտակած  ողջ սերն ու էներգիան կփոխանցեն  սահմանապահ մեր տավուշցիներին: 

«Գութանի միջոցով  ուզում ենք մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել  տավուշցիներին և մեր 3-րդ Բանակային Կորպուսի Քաջարի Զինվորներին,  Զինվորականներին՝  մեր Հայրենիքի դարպասները ամուր և մեր երկինքը  խաղաղ պահելու համար»,- ասում է Արսեն Գրիգորյանը։

Նա նշումլ է, որ «Գութանի»  նպատակն  է ազգային երգն ու պարը տարածել, ճանաչելի դարձնել  երիտասարդ սերնդին, նրանց փոխանցել  մեր մշակութային հարուստ ժառանգությունը։ Ըստ նրա,  փառատոնը բացառիկ է նաև իր հասանելիությամբ,  բացօթյա է և անվճար, նախատեսված սոցիալական բոլոր խմբերի համար:

Փառատոնն իրականացվելու  է  նույն տեխնիկական ձևաչափով  ու  որակով, ինչպես անցած   6  տարիներին: Երևանից  Բերդ  կտեղափոխվի  հզոր և ժամանակակից մեծ բեմ, գերհագեցած լուսային և ձայնային սարքավորումներ։ Ապահովվելու  է  ամբողջությամբ  կենդանի հնչողություն և կատարումներ: 

Փառատոնի ընթացքում կպահպանվեն   համավարակի կանխարգելման բոլոր կանոնները:

Placeholder