ՀՊՏՀ կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն հավաք ու երթ կանցկացնի
Կրթություն, գիտություն
10:19 22/09/2020
Հայաստան

ՀՊՏՀ կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն հավաք ու երթ կանցկացնի

Հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն։

«Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:

Այս հարցով ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ ՀՀ Կառավարությանը, սակայն որևէ  պատասխան այդպես էլ չի ստացել:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի ներկայացուցիչները այսօր ժամը 10։00-ին հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց և երթով շարժվելու են դեպի ՀՀ Կառավարություն։ 

Հավաք-երթի միակ պահանջը սույն թվականի հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքների՝ օրենքով սահմանված կարգով հաստատումն է»,- նշված է հայտարարության մեջ, որը  տարածել է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

  

Placeholder