Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԴ մեկ դատավոր ինքնառաջադրվել է, մեկն առաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնի համար
Սահմանադրական դատարանի նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա։ ՍԴ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:
«Այս պահին արդեն անցում ենք կատարել թեկնածուների քննարկմանը։ Եղել է ինքնառաջադրում։ Քանի որ դեռ պրոցեսի մեջ ենք և դեռ առաջադրումների և ինքնառաջադրումների հետ կապված ինքնաբացարկներ չեն ներկայացվել, եկեք առաջ չանցնենք իրադարձություններից։ Մեկ ինքնառաջադրում և մեկ առաջադրում է»,- ասաց Արևիկ Պետրոսյանը։
Հարցին՝ նորընտիր դատավորներից կա՞ թեկնածու, վերջինս դրական պատասխան տվեց։
Լրագրողի հարցին՝ Երվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվե՞լ է, Դիլանյանին առաջադրե՞լ են, ճի՞շտ է, ՍԴ դատավորն ասաց. «Մասամբ է ճիշտ»։
Հարցին՝ արդյոք այսօր տեղի կունենա՞ ընտրություն, նա պատասխանեց, որ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանում կայացել է աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չէր ավարտվել: Այն շարունակվում է այսօր:
ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով: Քվեարկությունը փակ է։